կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-23 10:50
Հասարակություն

Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յանգ Մեյխուն պարգևատրվել է ԿԳՆ պատվոգրով

Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յանգ Մեյխուն պարգևատրվել է ԿԳՆ պատվոգրով

Հայաստանում չինարենի և չինական մշակույթի տարածման գործում ունեցած ավանդի համար Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յանգ Մեյխուն պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով:

Հանձնելով պարգևը՝ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել  մեր երկրում Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության ընդլայնման  կապակցությամբ, որի արդյունքում մեծացել է նաև չինարենի և չինական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը:

«Դրա մասին է վկայում Հայ-չինական բարեկամության դպրոցի դիմորդների աննախադեպ մեծ թիվը: Դպրոցն ամենամեծն է տարածաշրջանում, որը, ինչ խոսք, շատ ուրախալի փաստ է, սակայն մենք պետք է մտածենք Չինաստանի հետ այլ հետաքրքիր նախագծեր իրականացնելու ուղղությամբ: Չինաստանի հետ մեր երկիրն ունի ավանդական պատմական կապեր, և հատկապես կրթության և գիտության ոլորտում այդ համագործակցությունը պետք է ընդլայնվի, մասնավորապես, ուսանողների փոխանակման, գիտական համատեղ ծրագրերի իրականացման  համատեքստում»,- նշել է փոխնախարարը:

Յանգ Մեյխուն շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Կոնֆուցիուսի ինստիտուտի աշխատանքը գնահատելու համար՝ ընդգծելով, որ այն լավագույն խթանը կհանդիսանա հետագա արդյունավետ գործունեության համար: «Մեր կողմից կանենք հնարավորը Հայաստանի և Չինաստանի միջև կրթագիտական ոլորտում համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու համար»,-նշել է Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրենը: