կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 13:56
Քաղաքական

Այն պատգամավորները, որոնք սեփականատերեր են, պետք է հրաժարվեն քվեարկությունից. Արծվիկ Մինասյան

Այն պատգամավորները, որոնք սեփականատերեր են, պետք է հրաժարվեն քվեարկությունից. Արծվիկ Մինասյան

ԱԺ նիստում քննարկվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է խոշոր կազմակերպությունների ֆինանսնական հաշվետվությունները հրապարակելուց առաջ պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը հանել:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը, նշեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու այդ նախագծին:

 

Նրա խոսքով` պարտադիր աուդիտի պահանջը հանելով` փորձում են ներկայացնել, թե գործարար աշխարհի վրա թեթևացնում են բեռը, ոչ` ամենևին, օրինագիծը ընդունելու դեպքում խրախուսվելու է ստվերը` հրաշալի դաշտ ապահովելով կոռուպցիայի զարգացման համար: Պատգամավորը նշեց, որ ավելի վաղ եղել է հանդիպում աուդիտորական կազմակերպությունների հետ, ներկայացվել են փաստարկներ, մտահոգություններ, առաջարկ է արվել ոչ թե գաղափարը վերացնել, այլ փոխել չափանիշները, ուժեղացնել աուդիտորի պատասխանատվությունը, բարձրացնել աուդիտորական կազմակերպության կողմից ապահովագրական համակարգի մասնակցությամբ ծառայություն մատուցելու մակարդակը, սակայն այդ ամենը չի արժանացել ԱԺ համապատասխան հանձնաժողովի հավանությանը:

 

«Կառավարության դիրքորոշումը պայմանավորված է այն մարդկանց ցանկությամբ, ովքեր կա'մ աուդիտորական եզրակացության ամբողջ իմաստը լիարժեքորեն չեն պատկերացնում, և թափանցիկությունը նրանց համար կարևոր չէ, կա'մ նրանք առաջնորդվում են նեղ անձնական շահերով, այսինքն` մասնագիտական ու անձնական շահագրգռվածություն ունեն` այդ համակարգը հանելու: Որևէ այլ ողջամիտ բացատրություն ես չեմ տեսնում: Մենք ասում ենք` եղբա'յր, գաղափարը մի վերացրեք, այլ չափանիշները վերանայեք»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ Հայաստանում արդեն 18-19 տարի է` հաշվապահական հաշվառման քաղաքականություն է վարվում, և այս օրինագծով հարված է հասցվում այդ քաղաքականությանը:

 

«Աուդիտոր բառը աուդիտորիայից է գալիս, երբ անկախ հաշվապահը գնահատում է կազմակերպության կողմից վարվող հաշվապահական հաշվառման վիճակը, ներկայացնում իրական վիճակը, թե ինչքանով է ճիշտ արտացոլված կազմակերպության վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը: Դժգոհությունը առ այն, որ աուդիտորական կազմակերպությունները մեծ գումարներ են վերցնում և պատասխանատվություն չեն կրում, դրանց էլ լուծումներ կան` աուդիտորական կազմակերպությունները պետք է կրեն քաղաքացիա-իրավական բնույթի պատասխանատվություն` միանշանակ դատական կարգով»,- ասաց պատգամավորը:

 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրում այն հարցի վրա, որ կանոնակարգ օրենքի 6-1 հոդվածի համաձայն, որը սահմանում է պատգամավորի էթիկայի կանոնները, և 6-2 հոդվածի համաձայն, որը սահմանում է պատգամավորի շահերի բախումը, հստակ պետք է կիրառվի այս օրենքի քվեարկության ժամանակ: «Բոլոր այն պատգամավորները, ովքեր սեփականատերեր են և ենթարկվում են աուդիտի, նրանք իրավունք չունեն մասնակցելու այս օրենքի քվեարկությանը, ավելին` նրանք պարտավոր են հրապարակային հայտարարել շահերի բախման մասին և հրաժարվել քվեարկությունից: Եթե Դուք դա չանեք, հանրությունը կհրապարակի դա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նա կրկին դիմեց կառավարությանը և ԱԺ քաղաքական մեծամասնությանը` ասելով, որ վարսահարդարման լավագույն ձևը գիլյոտինը չէ, աուդիտի գաղափարը պահպանելով հանդերձ` պետք է փոխել չափանիշները, պահպանել հաշվետվողականության չափանիշները, այլ ոչ թե կացնային մեթոդով վնասել հաշվետվողական քաղաքականությանն ու ստեղծել բացասական նախադեպ` երկրում թաքնված գործարքները նոր մակարդակի բարձրացնելու համար:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով Արծվիկ Մինասյանի ելույթին, ասաց. «Արծվիկ Մինասյանը շատ զայրացած է, բայց փորձում է մտնել ԱԺ նախագահի լիազորությունների մեջ: Պպատգամավորներին կարելի է հիշեցնել, բայց ահաբեկել, չգիտեմ` ինչ անել, այս լսարանի համար չէ, ես հորդորում եմ, որ պատգամավորներից նրանք, ովքեր բաժնետերեր են, մեկ անգամ ևս քննարկեն այս հարցը»: