կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-16 11:40
Առանց Կատեգորիա

Խաղաղության գինը պետք է վճարի իշխանությունը

Խաղաղության գինը պետք է վճարի իշխանությունը

Խաղաղասիրությունը քաղաքակրթության նվաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նվաճումներից, մեծագույն հավատ եւ փափագ ունի խաղաղության հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, հազարամյակներ շարունակ մասնակցելով պատերազմների` շատ քիչ են դեպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասեր ենք եղել ոչ միայն թույլ եղած ժամանակ, այլև ուժեղ պետականության հանգրվաններում:

Մեր օրերում հաճախ է խոսվում խաղաղության անհրաժեշտության մասին և շեշտվում, որ հայ ժողովուրդն իր արևելյան հարևանի հետ խաղաղություն հաստատելու համար պետք է գին վճարի: Նախ` հետ գնալով ասենք, որ հայ ժողովուրդը բավական թանկ է վճարել երկու համաշխարհային պատերազմների ժամանակ՝ ինչպես պատերազմում ծանրագույն կորուստներ ունենալու, այնպես էլ խաղաղության հաստատման առումներով: Առաջին աշխարհամարտում մենք վճարեցին ցեղասպանությամբ, մեր հայրենիքի մեծագույն մասի կորստով, իսկ ավելի ուշ նաև վերականգնված անկախ պետականության անկմամբ: Երկրորդ աշխարհամարտում նույնպես պատկառելի մարդկային կորուստներ ունեցանք, իսկ ավարտին, հանուն խաղաղության, զրկվեցինք մեր կորսված հայրենիքի մի մասին վերատիրելու հնարավորությունից (խոսքը ԽՍՀՄ-ի կողմից Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ Թուրքիայից ազատագրելու ծրագրի մասին է, ինչից խորհրդային ղեկավարությունը հրաժարվեց միջուկային պատերազմից զգուշանալու մտահոգությամբ): Ինչպես տեսնում ենք, մեզ խաղաղասիրության դասեր տալ պետք չէ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճակատներում:

Մենք լավ գիտենք, որ պատերազմը մեծագույն ոճիր է մարդկության հանդեպ: Ցանկացած պատերազմում որևէ կողմի հաղթանակն, ըստ էության, պարտություն է մարդկության համար:

Մենք լավ գիտենք նաև, որ մեծ բանակ պահելու, սպառազինությունը համալրելու և թարմացնելու համար կատարվող ծախսերը կարելի է փոխարինել ընդհանուր բարեկեցության՝ առողջապահության, կրթության, մշակույթի զարգացման մեջ ներդրումներով:

Հայաստանի զարգացումն անհնար է առանց խաղաղության: Սակայն այդ խաղաղությունն իր գինն ունի: Այն պետք է լինի պատվաբեր:

Այդուհանդերձ, անդրադառնանք խաղաղության գնի խնդրին, որի մասին մեզ ակնարկում են ինչպես դրսում, այնպես էլ ներսում: Նախ՝ մեզ առաջարկվող խաղաղությունը պետք է արդար լինի: Արդեն ասվեց, որ պատմությունը, վերջին հարյուր տարվա մեջ, մեզ երկու անգամ անարդար խաղաղություն է պարտադրել: Հայ ժողովուրդը ստիպված է եղել ընդունել իրեն պարտադրված անարդար պատերազմի մարտահրավերը: Ընդունել է այն և հաղթել է: Արցախյան պատերազմում մեր ձեռք բերած հաղթանակի համար վճարել ենք բազմաթիվ զրկանքներով՝ մարդկային կորուստներ, որոշ դեպքերում նաև տարածքային կորուստներ, շրջափակում, տնտեսական ճգնաժամ: Այդ զրկանքները հայ ժողովրդի վճարած գինն են հանուն խաղաղության: Մենք արդար ենք մղել անարդար պատերազմը և արժանի ենք արդար խաղաղության:

Եթե իշխանություններին (ցանկացած իշխանության) պարտադրվում է խաղաղության համար գին վճարել, ապա այդ գինը պետք է վճարի հենց ինքը՝ իշխանությունը: Իսկ ո՞րն է լինելու իշխանության վճարելիքը: Այդ գինը հաստատ զիջումներ անելը չէ: Այդ գինը ուժեղ պետություն կառուցելն է: Որպես խաղաղության գին իշխանությունը պետք է ժողովրդավար լինի, արդար կառավարի, հզորացնի երկրի տնտեսությունը, բանակը, հասարակությունը՝ նոր պատերազմից չվախենալու, իսկ հարկ եղած դեպքում կրկին պատվով դուրս գալու համար: Այո՛, սա վճարման ձև է, երբ իշխանությունը իրեն զրկում է նեղ խմբային շահերը սպասարկելու ավանդական դարձած մոլուցքից և նվիրվում է ժողովրդին ու պետությանը: Բայց փոխարենը ոսկե տառերով է գրում իր անունը հայոց պատմության էջերում:

Կա վճարելու մեկ այլ տարբերակ ևս՝ այդ իշխանությունը հեռանում է…

Խաչատուր Ստեփանյան
պատմական գիտությունների դոկտոր