կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-12 18:17
Առանց Կատեգորիա

Գնում ենք արտահերթ ընտրությունների

Գնում ենք արտահերթ ընտրությունների

Դա հայտնի դարձավ վարչապետի ընտրության հարցով` խորհրդարանի երկրորդ փորձից հետո, որի ժամանակ նույնպես վարչապետ չընտրվեց, և խորհրդարանը օրենքի ուժով արձակվեց: ՀՀ իշխանությունները, սա կարելի է համարձակ արձանագրել, ամեն ինչ արեցին, որպեսզի ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերի 9-ին: Ինչո՞ւ դեկտեմբերի 9-ին: Այս հարցի պատասխանը (պաշտոնապես կամ այլ մակարդակով) դեռ ոչ ոք չի տվել, թեև այդ հապճեպ ժամկետն էլ հենց պատճառ դարձավ, որ խորհրդարանը չկարողանա ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը: Եթե կարճ ձևակերպենք, ապա կարող ենք ասել, որ նոր Հայաստանը ընտրությունների է գնում հին օրենսգրքով: Դա լավ է, թե` վատ, կտեսնենք դեկտեմբերի 9-ին, իսկ առայժմ բավարարվենք մի փոքրիկ արձանագրում անելով` հին ԸՕ-ի դեմ, կարծես, ոչինչ չունեն ո'չ նախկին իշխանությունները, ո'չ էլ նորերը:

Հայաստանի ներքաղաքական դաշտում նախընտրական եռուզեռն սկսվել է: Շուտով հայտնի կդառնան բոլոր մասնակիցներն ու նրանց նախընտրական ցուցակները: «Ֆեյսբուքը» լիքն է առանձին օգտատերերի աչքալուսանքներով այն մասին, որ իրենք մասնակցելու են առաջիկա ընտրություններին և արդեն տեղ են գտել այս կամ այն կուսակցության վարկանիշային ցուցակներում: Կուսակցությունների ցուցակներն այս անգամ կարող են այլ տեսք ունենալ, որովհետև քաղաքական ուժերից շատերը հայտարարել են, որ համամասնականով առաջադրվածները պետք է առաջադրվեն նաև վարկանիշային կարգով, այսինքն` լինեն նաև ռեյտինգայինների մեջ: Մեր կարծիքով` այս երևույթը խոսում է մի կողմից կուսակցություններում ներքին մրցակցության, իսկ մյուս կողմից` կուսակցության քաղաքական վերնախավի հանդեպ «ակնածանքի» անբավարար մակարդակի մասին: Այսուհանդերձ, թվում է, բացառություններ կարվեն գունե ցուցակները գլխավորողների համար, և այնպես չի լինի, որ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, որևէ ընտրատարածքում նաև ռեյտինգայինով մասնակցի ընտրություններին:

Այս մասին չէ, սակայն, որ ուզում ենք խոսել այսօր: Քաղաքական ուժերն ինչ ուզում են, թող անեն: Մեզ ավելի շատ ընտրողն է հետաքրքրում, որ ստիպված է լինելու կողմնորոշվել անկանոն իրարանցումի մեջ ընկած քաղաքական ուժերի և գործիչների այս բազմությունում, որոնք վարժ խոսում են Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից, բայց որևէ կերպ չեն կարողանում բացատրել, թե ինչու են դաշինք կազմել տրամագծորեն հակառակ ուժերի հետ, որոնք խոսում են հեղափոխության հաղթանակը վերջնարդյունավորելու մասին, բայց ընտրությունների են գնում նախկին «հակահեղափոխական» իշխանությունների ամենացցուն ընտրազեղծարարների, օլիգարխների ու թաղային հեղինակությունների հետ: Իսկ ամենազարմանալին էլ այն է, որ նախկին իշխանությունները «հեղափոխական» ճամբար են գործուղել իրենց երևելիներին ու մնացել, այսպես ասենք, «ազնիվ-մաքուրներով», որոնք այսօր խոսում են ոչ թե քաղաքական ռևանշի, այլ իսկական ընդդիմություն դառնալու ցանկության մասին: Փաստորեն, ընդդիմությունում էլ է նեղվածք առաջանում: Ասում է` ընդդիմության դաշտում ՀՀԿ-ն էր պակաս, էն էլ ինքնաթիռով ժամանեց:

Նախկին էնտուզիազմով ու սկզբունքայնությամբ այլևս չեն փայլում «հեղափոխության» ճամբարում հավաքվածները: «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնվելու համար բանը հասել է գզվռտոցի, իսկ ՔՊ տարածքային գրասենյակների մոտ նույնիսկ բողոքի ցույցեր են տեղի ունենում, որովհետև ցուցակում հայտնվել են մարդիկ, որոնք նախկինում ձայն են ապահովել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համար: Այս երևույթը, կարծես, չի մտահոգում «Իմ քայլը» դաշինքի ղեկավարությանը, որովհետև նրա մտահոգությունն այլևս խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալն է, իսկ դա այսօր հնարավոր չէ անել ո'չ անփող ակտիվիստներով, ո'չ էլ բոլոր ուղղություններով տապալված նրանց կառավարության երևելի դեմքերով:

«Հեղափոխության» փշրանքներից այս կամ այն չափով օգտվել են ցանկանում նաև մերձհեղափոխական ուժերը, որոնք, իշխանական ուժին քննադատելու ռեսուրս չունենալով հանդերձ (երեկ դեռ այդ ուժի կազմում էին), ռեսուրս չունեն նաև ընդդիմության դաշտում: Այստեղ էլ հույս ունեն, որ հեռու տեղերից կգա մեկն ու իր հայրական հովանու ներքո կառնի իրենց: Խոսվում է, ընդհուպ, Վատիկանից վերադարձող Միքայել Մինասյանի մասին, որի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներն այս ընթացքում լավ գեներացրել են «Լուսավոր Հայաստանն» ու Էդմոն Մարուքյանին: Տեսնենք:

Դե իսկ ամենացնցող լուրն էլ այն է, որ ոչ անհայտ Դավիթ Շահնազարյանն է համաձայնել ընտրությունների գնալ նախկին իշխանությունների ցուցակով: Նրան, ամենայն հավանականությամբ, բավարարել է «Մարտի 1-ի գործի բացահայտումը», կամ այդ պարոնը որոշել է «հեղափոխությունը» հետագա վտանգներից պաշտպանել ՀՀԿ-ական դիրքերից: 

Մի խոսքով` ընտրությունների ենք գնում: Քաղաքական դաշտում շունը տիրոջը չի ճանաչում, իսկ ժողովուրդը մնացել է ափիբերան` ո՞ւմ ընտրել: Երևանի ընտրություններն, ինչ խոսք, լավ իմաստով հետևանք կունենան: Ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ ԱԺ ընտրություններում, Երևանի ընտրությունների կրկնությունը կլինի, որի արդյունքում մեկ ուժի հաջողվեց գրավել քաղաքապետարանը: Մենք  ԱԺ արտահերթ ընտրություններում մեզ նման շռայլություն թույլ տալու իրավունք չունենք, քանի որ խորհրդարանը քաղաքապետարան չէ, և խորհրդարանում մեկ ուժի իշխանությունը նշանակում է մենիշխանություն մեր բոլոր ձեռքբերումների, այդ թվում` նաև Սահմանադրության նկատմամբ: Դրանից հետո Հայաստանում նախագահական կարգերի վերադարձն ու «արմենբաշու» իշխանություն հաստատելը կդառնան մեկ-երկու հաշվի գործ:

Էդիկ Անդրեասյան