կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 22:39
Քաղաքական

Միայն ՀՅԴ-ն է ընտրությունների գնում ղեկավար կազմով

Միայն ՀՅԴ-ն է ընտրությունների գնում ղեկավար կազմով

«Իշխանություններն ամեն ինչ արեցին, որ նսեմացնեն այս ընտրությունների նշանակությունը` ասելով, որ գյուղը գյուղապետ է ընտրում, քաղաքը քաղաքապետ է ընտրում, դրանից ավելի բան մի ակնկալեք այս ընտրություններից` շատ-շատ ասֆալտապատման, աղբահանման, կենցաղային հարցերով վերջանա, եւ դրանով, բնականաբար, հետաքրքրությունը նսեմացնեն այս ընտրության»,- Արաբկիրի բնակիչներին այսօր ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

 

Նա նշեց, որ ժողովուրդն իսկապես համատարած ծարավ է փոփոխությունների, որը չստացվեց  իրականացնել նախագահական ընտրություններով, բայց ՀՅԴ-ն գալիս է ժողովրդին ասելու, որ գանգատվելու կարիք չկա, եթե չեն ուզում եւս 5 տարի սպասել իշխանություների լծի տակ, ապա Երեւանի ավագանու ընտրությունները լավագույն առիթն են, առանց ցնցումների, անվտանգ, առանց արյունահեղության փոփոխությունների համար:

 

«Փոփոխությունների մեր նպատակը` ընդդիմության եւ Դաշնակցության, ընդհանուր առմամբ, այն էր, որ մենք հաստատենք ժողովրդի իշխանությունը երկրում, վերադարձնենք ժողովրդին իր իշխանությունը եւ երեւանցիներին Երեւանում վերադարձնենք իշխանությունը, մնացյալ հայաստանցիներին էլ Հայաստանում վերադարձնենք իշխանությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը` պարզաբանելով, որ երբ դա սկսվում է բացահայտվել, իշխանություններն անմիջապես ձեռուոտ են ընկնում: Եվ կեղծիքների մեխանիզմների աշխատեցնելու, ամեն միջոց օգտագործելու երեւույթը, որպեսզի իրենց վերարտադրումը չխափանվի, այս ամենով հենց ապացուցում են, որ Երեւանի ավագանու ընտրությունների նշանակությունը շատ ավելի մեծ է, քան իրենք փորձում են ներկայացնել:

 

ՀՅԴ ցուցակը գլխավորողն ասաց նաեւ, որ կապ չունի, թե նախագահի աթոռին ով է նստած, քանի որ մենք երեք նախագահ ենք փոխել, բայց վիճակը չի փոխվել, եւ որի շուրջ գտնվողները միշտ արտոնյալ վիճակում են եղել Հայաստանում: Իսկ մնացածն, ովքեր այդ շրջանակից դուրս են, այս երկրի, այս պետության հոգածությունը, պաշտպանությունը չեն զգում: Եվ էական փոփոխություն տեղի կունենա, շեշտեց Ռուստամյանը, երբ Երեւանում տեղի ունենա իշխանափոխություն, քանի որ այստեղ կենտրոնացած է բնակչության մեկ երրորդը, երկրի ընդհանուր ռեսուրսների մոտ 70-80 տոկոսը:

 

«Այս վճռականությամբ ենք մենք այսօր մտել այս պայքարի մեջ: Ու դրա համար է, որ մեր թիմը, մեր ցանկը, միակն է, որ ղեկավարում ենք մենք` ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, փոխներկայացուցիչներ: Այսինքն` Հայաստանի Գերագույն մարմնի ղեկավար կազմը: Այսինքն` հետագա քայլերն էլ պետք է այնպես ղեկավարել, որ, Երեւանը փոխելով, Հայաստանը փոխվի: Նայեք մնացած բոլոր ցանկերին եւ կտեսնեք, որ այդ տրամաբանությամբ չի ձեւավորված»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

 

Նա խոսեց նաեւ նախընտրական շրջանում ընդդիմության միավորման, միասնական ցուցակով ընտրություններին գնալու անհրաժեշտության, այդ կորած շանսի եւ նոր` հետընտրական միավորում կազմելու անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի սկզբում Երեւանում, իսկ այնուհետեւ նաեւ ամբողջ Հայաստանում հասնել իշխանափոխության: