կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-02 11:31
Քաղաքական

ՀՀԿ-ն գնում է արտահերթ ընտրությունների ճանապարհով. Զոհրաբյան

ՀՀԿ-ն գնում է արտահերթ ընտրությունների ճանապարհով. Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀՀԿ-ն իր համար ընտրել է չարյաց նվազագույնի տարբերակը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

«Ես չեմ կասկածում, որ 7 օր հետո էլ նրանք դեմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, և ըստ Սահմանադրության` մինչև 45 օր պիտի կայանան արտահերթ ընտրություններ: Այս կերպ ՀՀԿ-ն, որը, կարծում եմ, այլևս չի գնա Հանրապետական հիմնահատակ փչացած անվան տակ, տարբեր տերեր, ովքեր պատրաստ են ֆինանս ներդնել առաջիկա ընտրություններում, կփորձեն այլ չվարկաբեկված բրենդ ստեղծել, կվերցնեն մի քանի, իրենց կարծիքով, չվարկաբեկված կերպարներ, իրենց համար կա մեկ գերխնդիր՝ գնալ ընտրությունների՝ ունենալով այս ընտրական օրենսգիրքը, ունենալով ընտրությունները կեղծող բոլոր կառույցները»,- ընդգծեց պատգամավորը:

Նա միաժամանակ նշեց, որ հստակ է, որ ՀՀԿ այլևս գոյություն չունի, և ցանկացած քայլ՝ այս կամ այն կերպ երկարաձգելու սեփական գոյությունը, դատապարտված է ձախողման, նույնիսկ եթե բոլոր լծակները լինեն ՀՀԿ-ի ձեռքում: «Հաջորդ ընտրությունները լինելու են ՀՀԿ-ի վերջնական վախճանը»,- շեշտեց Զոհրաբյանը:

Նա չբացառեց, որ ՀՀԿ-ն կփորձի նաև ընտրակաշառք բաժանել, սակայն երկրում հոգեբանություն է փոխվել, և նրանք, ովքեր կվերցնեն ընտրակաշառք, մեծ թիվ չեն կազմի:

Զոհրաբյանն ասաց, որ իրենք շարունակում են աջակցել համաժողովրդական շարժմանն ու նրա վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, երեկ էլ եղել են հրապարակում: «Վստահ եղեք, որ եթե այսօր էլ լիներ նպատակ` լցնել դահլիճը, ապա ինչպես ամսի 17-ին բերման ենթարկեցին՝ լցնելով դահլիճը, այսօր էլ կարող էին քվորում ապահովել: Նրանք խուսափում են հնարավոր դեբատներից, առճակատումներից, կրքերի լարումից»,- եզրափակեց նա: