Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կայացված որոշմամբ` «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք՝ 20 միլիոն դրամի չափով: Պատասխանատվությունը կիրառվել է գերիշխող դիրքի չարաշահման համար: Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:
«Արազեն» հայ-գերմանական ՀՁ ընկերությունը, «Վեոլիա Ջրի» պատճառով հայտնվել է ոչ մրցակցային իրավիճակում, նա դադարեցնել է արտադրությունը
ՀՀ ՏՄՊՊՀ է դիմել «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը, տեղեկացնելով, որ ընկերությունը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, սակայն «Վեոլիա Ջրի» անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և այս պահին դադարեցրել է արտադրությունը: Մասնավորապես, ըստ «Արազենի» դիմում-բողոքի, «Վեոլիա Ջուր» ընկերությունը զբաղեցնում է մենաշնորհ դիրք: Վերջինս զբաղվում է նաև ջրաչափերի ներմուծմամբ և տեղադրմամբ: Միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ: Գնման գործընթացը տեղի չի ունեցել հրապարակային, և «Վեոլիա Ջուրը» հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողների ևս, մասնավորապես՝ իրենց գործելու այդ շուկայում: Մինչդեռ, ջրաչափերի ձեռքբերումը բաց և հրապարակային իրականացնելու պարագայում, իրենք ևս հնարավորություն կունենային առաջարկելու և իրացնելու իրենց արտադրանքը, տվյալ պարագայում՝ ջրաչափերը, որոնց վաճառքի համար ՀՀ-ում այլընտրանքային շուկաներ չկան: Նախկինում առանց որևէ խնդրի, ընկերությունը համագործակցել է «Երևան ջուր» ՓԲ ընկերության հետ:
«Վեոլիա Ջուրը» ջրաչափերի մատակարար ընկերությունների ընտրությունը կատարել է կամայական սկզբունքներով
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որպեսզի վերջինս ներկայացնի տեղեկատվություն, թե ինչ չափորոշիչների և սկզբունքների հիման վրա են ընտրվում ջրաչափի մատակարար ընկերությունները: Սակայն, որևէ կոնկրետ չափորորշիչ որպես այդպիսին չի ներկայացվել: Միաժամանակ, Հանձնաժողովը պահանջել է, որպեսզի «Արազեն» ընկերությունը ներկայացնի իրենց կողմից արտադրվող բնակարանային ջրաչափերի որակը հավաստող փաստաթղթերը, ինչն արվել է: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, «Վեոլիա Ջուրը», ունենալով մենաշնորհային դիրք, մեր երկրում հանդիսանում է ջրաչափերի նկատմամբ հիմնական պահանջարկ ներկայացնող տնտեսվարողը, հետևապես պարտավոր է այդ շուկայի բոլոր տնտեսվարողների համար ապահովելու հավասար մրցակցային պայմաններ:
«Վեոլիա Ջուրը» ջրաչափերը մինչև 3 անգամ թանկ գնով է ձեռք բերել. անարդյունավետ ծախսը 1 տարվա կտրվածքով կազմել է 100 մլն դրամ
Համաձայն ուսումնասիրության, «Վեոլիա Ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը գնային առումով որոշ դեպքերում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գներին: Այսպես. 2017 թվականին «Վեոլիա Ջրի» ներմուծած ջրաչափերի միջին գինը ըստ տեսակների կազմել է 8 400 և 9 500 դրամ, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3 200 դրամից՝ հասնելով առավելագույնը 7 000 դրամի: Այս տարի ևս ընկերության կողմից ներմուծված DN 15 մմ տրամագծով ջրաչափերի միջին գինը կազմել է 10 հազար դրամ այն դեպքում, երբ տեղական շուկայում դրանց գինը տատանվել է 3 300-ից մինչև 7 600 դրամի սահմաններում: Արդյունքում, միայն 1 տարվա կտրվածքով ընկերությունը ջրաչափերի ձեռքբերման համար վճարել է 100 մլն դրամ ավելի, որը հետագայում ներկայացրել է որպես ներդրումային ծախս:
Ստացվում է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը դրսևորել է ոչ ռացիոնալ վարքագիծ. ջրաչափերի ներմուծումներ է իրականացրել առավել բարձր գներով, երբ կարող էր դրանք ձեռք բերել տեղական շուկայում գործող տնտեսվարողներից, տվյալ պարագայում՝ «Արազեն» ընկերությունից: Փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ «Արազեն» ընկերության կողմից արտադրվող ջրաչափերը որակապես բավարարում են բոլոր պահանջներին, այս հանգամանքը «Վեոլիա Ջրի» կողմից երբևիցե կասկածի տակ չի առնվել:
«Վեոլիա Ջրի» վարքագիծը անհավասար պայմաններ է ստեղծել տվյալ շուկայում գործող տնտեսվարողների համար
ՏՄՊՊՀ որոշմամբ, ոլորտում գերիշխող ընկերության՝ «Վեոլիա Ջրի» վարքագիծը հանդիսանում է օրենքի խախտում: Ընկերությունը պարտավոր էր ջրաչափերի ձեռքբերումներ իրականացնելու ժամանակ ապահովել հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր տնտեսվարողների համար՝ նրանց հնարավորություն տալով մրցակցելու, ինչը չի արվել: Ավելին, գերիշխողի նման վարքագիծը բացասաբար է անդրադարձել ոլորտում գործող տնտեսվարողների գործունեության վրա: Միայն մեկ տարվա ընթացքում «Արազենի» իրացման ծավալները կրճատվել են 60 տոկոսով:
Հարկ է ընդգծել մի էական հանգամանք ևս. «Վեոլիա Ջրի» կողմից անհամեմատ բարձր արժեքով ջրաչափերի ձեռքբերումն այն դեպքում, երբ տեղական շուկայում առկա է եղել նույն որակական հատկանիշներով, սակայն ավելի ցածր գնով ջրաչափ, ֆինանսական առումով եղել է ոչ արդյունավետ ծախս, այն բացասաբար է անդրադարձել նաև վերջնական սպառողների վրա: