կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-07 14:01
Քաղաքական

Իրանի ներսում կան խմորումներ, որոնք առնվազն պետք է մտահոգեն մեզ. Կիրո Մանոյան

Իրանի ներսում կան խմորումներ, որոնք առնվազն պետք է մտահոգեն մեզ. Կիրո Մանոյան

ԱՄՆ-ի խնդիրը, Իրանի հետ կապված, իսկապես, մտահոգիչ է. այն պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները կիրառում է Իրանի նկատմամբ, ԵՄ-ն չի ընդունում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Իրանի հետ կապված վերջին զարգացումներին:

Նրա խոսքով՝ արդեն իսկ տեսանք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տարածաշրջանային այցի նպատակներից մեկն էլ տարածաշրջանի երկրներին զգուշացնելն էր, և այդպես էլ շարունակվելու է:

Ըստ Մանոյանի՝ Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները նվազագույնի հասնեն, քանի որ ԱՄՆ-ն այդպես է որոշել: «Իսկ թե որքան է արդար ԱՄՆ-ի որոշումը, այլ հարց է, քանի որ եթե ԵՄ-ն չի կիսում ԱՄՆ-ի մոտեցումը, դա խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգներն այդ որոշումը կայացրել է` ինչ-ինչ հաշիվներից ելնելով: ԱՄՆ-ում դեմոկրատների ընտրությունը կարող է ինչ-որ չափով ազդել, որ այդ պատժամիջոցները մի փոքր մեղմանան: Սակայն մինչ այդ այս խնդիրը մեզ համար մտահոգիչ է»,- ասաց նա:

Մանոյանի խոսքով՝ չի կարելի միաժամանակ գոհացնել ԱՄՆ-ին և շարունակել հարաբերություններն Իրանի հետ, հարկավոր են բացատրական աշխատանքներ: Այս հարցում, ըստ նրա, իր դերը կարող է ունենալ ԱՄՆ-ի հայ համայնքը, որպեսզի տեղի իշխանություններին բացատրի, որ Հայաստանն այլընտրանք չունի:

Ըստ Մանոյանի` մենք փորձեցինք Թուրքիայի հետ հարաբերությունները բնականոն դարձնել, բայց չստացվեց, և մեղավորը թեև Թուրքիան էր, բայց պատասխանատվության իր բաժինն ունի նաև ԱՄՆ-ը: «Երբ 10 տարի առաջ հնարավորություն ունեին Թուրքիայի վրա ավելի շատ ճնշում գործադրելու, հիմա այդ հնարավորությունն էլ չունեն: Այսօրվա Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ ցամաքային կապը միայն մեր երկու հարևանների տարածքով է՝ Վրաստանի և Իրանի, ուստի Իրանի հետ շարունակելու ենք մեր տնտեսական հարաբերությունները: Պարզ է, որ այս ընթացքում Հայաստանը միշտ զգույշ է եղել ոչ միայն Իրանի հետ, այլև, առհասարակ, արտաքին հարաբերություններում, որ այնպես չանի՝ արտաքին հարաբերությունները որևէ մեկի դեմ ուղղված լինեն: Այդքանն առնվազն պետք է բավարարի ԱՄՆ-ին»,- ասաց նա:

Մանոյանի գնահատմամբ՝ այստեղ կարող է ինչ-որ չափով օգտակար լինել ԵՄ-ի պահվածքը, սակայն դա էլ խնդիր է, քանի որ նույն եվրոպական ընկերությունները մի քանի օր առաջ դեռ ունեին տնտեսական հարաբերություններ Իրանի հետ, սակայն այսօր այդ հարաբերությունները կասեցնում են, քանի որ դա բացասաբար կարող է անդրադառնալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա: «Իսկապես բարդ է մեր վիճակը, սակայն մենք շատ այլընտրանք ու տարբերակ չունենք, ինչի համար էլ անհրաժեշտ է, որ շարունակենք և' մեր տնտեսական հարաբերությունները սերտացնել Իրանի հետ, և' բացատրական աշխատանք տանել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մոտ»,- նշեց նա:

Խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստան-Իրան սահմանը կարող է դե ֆակտո փակվել, Մանոյանը նշեց, որ այնքան էլ չի հասկացել Փաշինյանի ասածը: Նրա խոսքով՝ եթե խոսքը երկկողմ հարաբերությունների մասին է, սահմանի` դե ֆակտո փակվելու խնդիր չկա, բայց եթե խոսքը վերաբերում է նրան, որ ԱՄՆ-ը ռազմական գործողություններով  կարող է այդ հարաբերություններն անհնարին դարձնել, ապա անհասկանալի է: «Երրորդ պետությունների կողմից կարող է Իրանի վրայով ինչ-որ բան չգալ Հայաստանի վրա, բայց ուղղակի երկկողմ հարաբերությունների դեպքում չեմ կարծում՝ կարող է դե ֆակտո լինել: Երրորդ պետությունների կողմից էլ հարց է. հիմնական թիրախը նավթն է, իսկ մենք արդեն իսկ նավթ չենք գնում Իրանից»,- ասաց Մանոյանը:

Yerkir.am-ը հետաքրքրվեց` արդյո՞ք Իրանի քաղաքականությունը փոխվել է Հայաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով հոկտեմբերի 30-ին Ստամբուլում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ու համատեղ հայտարարությունը: Ի պատասխան Մանոյանը նշեց, որ երեք պետությունների արտգործնախարարների հայտարարության մեջ խոսք չի եղել ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին: «Առաջին անգամ չէ, որ Իրանը կողմ է քվեարկել Ղարաբաղի մոտեցումներին կամ Ղարաբաղի շահերի դեմ բանաձևի, բայց դա իրականում չի դրսևորվել Իրանի քաղաքականության մեջ: Այս պահին այլ մտահոգություն կա. Իրանը՝ որպես պետություն, ոչ թե իր կեցվածքն է փոխել, այլ Իրանի ներսում կան խմորումներ, որոնք առնվազն պետք է մտահոգեն մեզ: Իրանի ներսում այսօր ոչ միայն պանթյուրքիստներն են, որ սկսել են խոսել Ղարաբաղի հարցի, իրավունքների դեմ՝ փորձելով պաշտպանել Ադրբեջանին: Սա դրսևորվում է տարբեր ձևերով, և ինչքան էլ իշխանությունների մեկ թևը փորձում է նման նախաձեռնությունների առաջն առնել, այդ խմորումները փաստ են»,- ասաց նա:

Մանոյանի խոսքով՝ այդ խմորումների առկայության պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ  դրանց միջոցով Իրանի կառավարման համակարգից ոմանք ցանկանում են սիրաշահել Ադրբեջանին, սակայն իրականում դա չի ստացվի: Ըստ նրա՝ Ադրբեջանին սիրաշահել այս պայմաններում, երբ ԱՄՆ-ի հետ էլ շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանը, չի ստացվի: «Ադրբեջանի վարած քաղաքականությունն Իրանի շահերին դեմ է, դրա համար էլ Իրանի կողմից որևէ նման քայլ չի կարող այնքան շահագրգռել Ադրբեջանին, որ նա իր քաղաքական ուղղությունը փոխի: Ադրբեջանը կարող է ցույց տալ, որ գոհ է Իրանի՝ նման քայլերից, բայց իր քաղաքականությունն Իրանի դեմ չի փոխի: Սա մեզ համար մտահոգիչ է, քանի որ խմորումները հենց երկրի ներսում են»,- նշեց Մանոյանը:

Նա անդրադարձավ նաև Իրանի հետ հարաբերություններումՀ այաստանի վարած քաղաքականությանը՝  ասելով, որ չի կարծում, թե Հայաստանի կողմից որևէ անհստակություն կա: Նրա խոսքով՝ գուցե Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն Իրանի իշխանությունների համար այնքան էլ հասկանալի չէին, և այդ իմաստով աշխատանքներ ունենք անելու: «Մեզ մոտ որոշ հստակեցումների հարց կա և ոչ այնքան ներսում, որքան դրսի գործընկերների համար՝ պարզելու, թե Հայաստանում տեղի ունեցածն ինչ շարունակություն կարող է ունենալ: Անհրաժեշտ է այդ վստահությունը տալ մեր  հարևաններին, որ մեր երկրի ներսում զարգացումները նպատակ չեն հետապնդում հարաբերությունները վատացնելու հարևանների, գործընկերների հետ: Իսկ Իրանի հետ հարաբերություններում, առհասարակ, բացի մեր հարաբերություններն էլ ավելի սերտացնելուց, այլ բան չունենք անելու»,- նշեց Կիրո Մանոյանը: