կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-06 12:08
Հասարակություն

Մեր գործընկերները պետք է ընկալեն Հայաստանի խոցելիությունը. Նազարյանը` Իրանի դեմ պատժամիջոցների մասին

Մեր գործընկերները պետք է ընկալեն Հայաստանի խոցելիությունը. Նազարյանը` Իրանի դեմ պատժամիջոցների մասին

Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների հարցը զգայուն թեմա է Հայաստանի համար: Այս մասին խորհրդարանում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը` ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խնդրանքին` անդրադառնալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ:

Զոհրաբյանը հետաքրքրվեց` տարածաշրջանի երկրների կողմից համարժեք արձագանք կա՞, որովհետև քաղաքական վերլուծաբաններին մտահոգում է` եթե արձագանքը  ճշգրիտ չլինի, դա կարող է հանգեցնել Հայաստանի «կղզիացմանը»:  

Նազարյանի խոսքով` Հայաստանը մշտապես լիակատար աջակցություն է ցուցաբերել համատեղ գործողությունների, ծրագրերի իրականացմանը, որոնք կնքվել են  Իրանի և գործընկեր պետությունների հետ: «Մեզ համար կարևոր է, որպեսզի շարունակվեն բարիդրացիական հարաբերությունները մեր հարևան երկրի հետ: Այս առումով ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է իր կարևորագույն առաքելությունը, այն է `գործընկեր պետությունների հետ իրականացնում է թափանցիկ քննարկումներ` կարևորելով Հայաստան-Իրան հարաբերությունները մի կողմից,  մյուս գործընկեր պետությունների հետ հարաբերությունները`մյուս կողմից»,- ասաց նա:

Ըստ Նազարյանի` Բոլթոնի այցի մասին շատ է խոսվել, և այդ այցը առիթ էր մեզ համար ամենաբարձր մակարդակով վերհանելու տարածաշրջանային զարգացմանը միտված խնդիրները, նաև լսելի դարձնելու մեր մոտեցումներն այն մարտահրավերների առնչությամբ, որոնք ծառացած են մեր պետության առջև:  

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Միքայել Մելքումյանը, նշեց, որ հայտնի է` Հայաստանը և Իրանը ապրանքափոխանակման պայմանագիր ունեն` գազ` էլեկտրաէներգիայի դիմաց: «Ադրբեջանը դադարեցրել է մոտ 2 մլրդ խորանարդ մետր գազի ձեռք բերումը Իրանից: Ի՞նչ եք կարծում, որո՞նք են այն ռիսկերը, որ կարող են վերաբերել այդ ապրանքափոխանակման պայմանագրին, այդ սանկցիաները կարո՞ղ են խանգարել դրան»,- հարցրեց պատգամավորը:

Նազարյանը պատասխանեց, որ այս պահին ուշադրությամբ հետևում են Իրանի ուղղությամբ զարգացող իրադարձություններին, մշտապես կապի մեջ են Իրանի գործընկերների հետ: «Այո, 2008 թվականից ի վեր իրականացնում ենք «գազ` էլեկտրականության դիմաց» գործարքը, որից ոգևորված են մեր եվրոպացի գործընկերները: Նրանք էլ են փորձում նման գործարք կնքել: Լինելով փոքր երկիր` կարողանում ենք արտահանել մեր դրական փորձը: Մենք մշտապես հավատարիմ ենք եղել միջազգային պատժամիջոցների ռեժիմին, սակայն, մյուս կողմից, էական է, որ մեր գործընկերները առավելագույնս ընկալեն այն խոցելիությունը, որը բաժին է հասել Հայաստանին` որպես դեպի ծով չունեցող երկիր: Ես հույս ունեմ, որ բաց, թափանցիկ հարաբերությունների շնորհիվ վտանգ չի լինի մեր հարևան երկրներին»,- ասաց նա:

Մելքումյանն էլ հետաքրքրվեց Հայաստան-Իրան երկաթուղու ճակատագրով: «Մենք տարիներ շարունակ խոսում ենք Իրան-Հայաստան երկաթուղու մասին: Այսօր Ադրբեջանը կառուցում է երկաթուղի: Երբ կա «կղզիացման» վտանգ մեզ համար, առաջիկա 10 տարում Հայաստան-Իրան երկաթուղու պրոյեկտը հնարավո՞ր է սկսվի, թե՞ ոչ»,- հարցրեց նա:

Նազարյանը պատասխանեց, որ իր համար դժվար է կանխատեսել, թե երբ կկառուցվի երկաթուղին, սակայն, ըստ նրա, հարցը օրակարգային է: «Մեր փորձագետները գտնում են, որ կա կենսունակության խնդիր, պետք է ապավինենք մեր մասնագետների փորձառությանը և տեսակետներին»,- ասաց Նազարյանը: