Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանում մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արևելյան Գործընկերության ռեգիոնալ և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) «Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ» խորագրով համաժողովը:
Համաժողովում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Գդանսկի քաղաքապետ, Ռեգիոնների եվրոպական կոմիտեի և CORLEAP-ի անդամ Պավել Ադամովիչը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան առաքելության ղեկավար Կլաուս Վենդելբերգերը:
Նախարար Դավիթ Լոքյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ արդեն երկրորդ անգամ CORLEAP-ի կոնֆերանսը Հայաստանում կազմակերպելու համար, ինչը նախարարի խոսքով, լուրջ ոգևորություն է առաջ բերում ՀՀ համայնքներում:
«Սա Արևելյան գործընկերության լավագույն ձևաչափերից մեկն է, որը շատ ինտենսիվ նպաստում է մեր երկրում տարածքային և համայնքային զարգազման գործընթացին: ՀՀ-ում սկսված տեղական և տարածքային մարմիններում իրականացվող խոշորածավալ բարեփոխումների կողքին կանգնած են Եվրամիության մեր գործընկերները»,- ասել է Դ. Լոքյանը: Հիշեցնելով, որ նոյեմբերի 5-ին ՀՀ 350 համայնքում ընթանալու են ընտրություններ, նախարարն ընդգծել է, որ դրանց արդյունքում կառավարման օպտիմալացման փոփոխություն է իրականացվելու. «Այդ համայնքներն իրենց գործառույթները կանոնակարգելու են, իրենց եկամուտներն ու ծախսերը խիստ օպտիմալացնելու են, բերելու են այնպիսի վիճակի, որը ծառայությունների մատուցման նոր հնարավորություն է ապահովելու բնակիչների համար: Այս լայնածաված գործընթացում, բացի Եվրամիությունից, մեր կողքին է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որը կարծում եմ, որ ամենակարևոր, ամենալուրջ դերակատարումն ունի այս բարեփոխումների ողջ ընթացքում: ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում մենք այսօր, այս համաժողովով սկիզբ ենք դնում մի շատ կարևոր պրոցեսի, որը Եվրամիության շատ երկրներ անցել են, և ժամանակն է, որ մենք մեր տեղական իշխանություններում և ռեգիոնալ իշխանություններում նույնպես ունենանք էլեկտրոնային կառավարում»:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ արդեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ սկսված է մի գործընթաց, որով համայնքներում ստեղծվելու են սոցիալական ծառայությունների օղակներ, բացի դրանից, արդեն ՀՀ համայնքներից ավելի քան 200-ում՝ այդ թվում գործող 18 խոշորացվածներում, կան համացանցային կայքեր, քաղաքացիների սպասարկման գրասենյակներ են գործում 24 համայնքում և մինչև տարեվերջ գրասենյակներ կբացվեն ևս 5-ում: Նա արդյունավետ քննարկումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին, ընդգծել, որ հնչած կարծիքները և առաջարկները թույլ կտան առաջընթաց ապահովել տեղական ինքնակառավարման ոլորտում:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասել է, որ երևանյան համաժողովը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում ակտիվ մասնակցություն ունի. «Հայաստանում նման համաժողովների անցկացումը շատ կարևոր է և մենք հավատում ենք, որ Արևելյան գործընկերությունը Բրյուսելում կայանալիք հաջորդ գագաթնաժողովի ժամանակ նոր որակների կարող է հասնել: Դրանք ներառում են գործողությունների լայն շրջանակ` արևելյան գործընկերության 4 հիմնական հենասյուները և բոլոր այս նպատակները ենթադրում են բոլոր շահառուների ակտիվ մասնակցություն` ներառյալ տեղական մակարդակում, ներառյալ տեղական և տարածքային ինքնակառավարման մարմինների մասնակցությունը, քանի որ ռեգիոնալ և տեղական իշխանությունները ամենամոտն են կանգնած մարդկանց առօրյա խնդիրներին, և նրանք այստեղ են այս խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու համար: Հետևաբար մենք հավատում ենք, որ Բրյուսելում կայանայիք հաջորդ գագաթնաժողովին CORLEAP-ի դերն անչափ կարևոր կլինի»:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների առումով Հայաստանը այսօր շատ կարևոր փուլում է գտնվում և դրանք իրականացվում են ԵՄ-ն աջակցությամբ. «Մենք փորձում ենք հնարավորինս աջակցել ՏԻՄ հզորացմանը տարբեր միջոցներով, դրանցից մեկը իհարկե փորձի փոխանակումն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը, որը ներառում է մի քանի տեղական համայնքներ, կոնկրետ գաղափարներ և ծրագրեր է ներառում: Տնտեսական կայունությունն ու կայունացումն ամենուրեք թերևս մեր առաջնային մարտահրավերն է»:
Ռեգիոնների եվրոպական կոմիտեի և CORLEAP-ի անդամ Պավել Ադամովիչն էլ իր հերթին նշել է, CORLEAP-ի հիմանական ուղերձը. դա տեղական ժողովրդավարությունն է, տեղական իշխանությունների համագործակցության մակարդակի բարձրացումը և ապակենտրոնացումը: Պ. Ադամովիչը նշել է, որ այս ուղղությամբ ակտիվ և արդյունավետ աշխատում են տարածքային կառավարման և զարգացման նախարար Դ. Լոքյանի հետ:
Համաժողովի բացումից հետո Դավիթ Լոքյանն ու Պյոտր Սվիտալսկին պատասխանել են լրագրողների հարցերին:
Ասուլիսից հետո համաժողովը շարունակել է աշխատանքները և քննարկվել են մի շարք թեմաներ՝ էլեկտրոնային կառավարման նպաստը Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների իրականացման համատեքստում, տարածաշրջանային համագործակցության կարևորությունը ռեգիոնալ և տեղական զարգացման խթանման գործում, ռեգիոնալ և տեղական զարգացման տնտեսական օգուտները և այլն:
«Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ» խորագրով համաժողովի կայացմանը աջակցել է «Լավ Տեղական Ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը՝ ի դեմս Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն