կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-29 15:07
Հասարակություն

Գրեթե չեն լինում դեպքեր, որ գումարի պատճառով բուժօգնություն չստանան ու մահանան. Արսեն Թորոսյան

Գրեթե չեն լինում դեպքեր, որ գումարի պատճառով բուժօգնություն չստանան ու մահանան. Արսեն Թորոսյան

Նման մահերի վիճակագրություն դժվար է հավաքել, թեև նման դեպքեր գրեթե չեն լինում. լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ վիճակագրություն՝ քանի մարդ է մահանում այն պատճառով, որ չի կարողանում վճարել անհրաժեշտ գումարը, որպեսզի շտապ բուժօգնություն ստանա:

Թորոսյանի խոսքով՝ ավելի հաճախ լինում է, որ մարդուն վիրահատում են, ու նա կամաց-կամաց փակում է գումարը: «Կառավարության դերը հետևյալն է` այնպիսի մեխանիզմ լինի, որ, անկախ այդ պահին հիվանդի մոտ առկա գումարի չափից, ծառայությունը մատուցվի, որից հետո հիվանդի կողմից վճարումների միջոցով այդ հարցը կլուծվի: Սա կոչվում է ապահովագրություն: Քանի դեռ մենք չունենք ապահովագրություն, բուժհաստատությունից պահանջել անվճար բուժօգնություն, որի համար ոչ ոք նրան չի վճարում, այնքան էլ ճիշտ չէ: Հիվանդանոցները պարզապես կփակվեն»,- ասաց Թորոսյանը:

Նա նշեց նաև, որ հիմնականում անհատական լուծումներ են տրվում՝ լինում են դեպքեր, որ նախարարություն են դիմում, ու իրենք էլ տնտեսված միջոցների հաշվին փորձում են ինչ-որ գումար վճարել: Թորոսյանի խոսքով՝  իրենց խնդիրն է ունենալ այնպիսի համակարգ, որ չհասնեն այն իրավիճակին, երբ մարդը մնա առանց բուժօգնության՝ ինչ է, թե գումար չունի: «Մենք ինդիվիդուալ չենք կարող բոլորի հարցերը լուծել, պարզապես այդքան գումար չունենք»,- հավելեց նա: