կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-13 18:56
Քաղաքական

Եթե բացակայողները «քվեարկել» են կամ թոշակ «ստացել», ապա ինչու՞ պետք է «աջակցություն» չստանան

Եթե բացակայողները «քվեարկել» են կամ թոշակ «ստացել», ապա ինչու՞ պետք է «աջակցություն» չստանան

2020 թ. փետրվարին մինչև 10.000 դրամի գազ և մինչև 5.000 դրամի հոսանք ծախսած բաժանորդների գումարի կեսը կվճարի պետությունը՝ այսպիսի որոշում կայացրեց ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում՝ հաստատելով կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։

Ըստ կառավարության պաշտոնական էջի՝ ծրագրի շահառու է հանդիսանում 220 հազար բաժանորդ և 660 հազար քաղաքացի։ Ցավոք, կառավարության նպատակն է հերթական անգամ թվեր նկարել և, առանց դրանց բովանդակության էական նրբությունները մատուցելու, կերակրել հասարակությանը։

Բացի այն, որ վերոհիշյալ 10.000-ի և 5.000-ի շեմը ցածր է ընտրված, կառավարության հրապարակած 220.000 բաժանորդների կամ 600.000 մարդկանց թիվն ակնհայտ ամբոխավարության արդյունք է։ Իրականում տասնյակ հազարավոր բաժանորդներ կան և՛ հանրապետության գյուղերում, և՛ քաղաքներում, ովքեր բաժանորդ են, բայց արտագաղթել են, վերջիններիս դռները փակ է, իսկ փետրվարի համար ունեն գազի և հոսանքի ծախսի զրոյական ցուցանիշներ։ Այսինքն՝ հանրապետության շուրջ 1.000 գյուղական և 5 տասնյակ քաղաքային համայնքերի հսկայական թվով դատարկ տներն ու բնակարանները, որոնք նաև բաժանորդ են, ներառված են վարչապետի հայտարարած թվի մեջ։

Գումարած այս ամենին՝ հանրապետությունում առկա են հսկայանական թվով բիզնես տարածքներ, որոնք չեն աշխատում՝ սեզոնային կամ մշտական կերպով, այնինչ՝ բաժանորդ են, բայց ունեն զրոյական ցուցանիշներ և ներառված են կառավարության թվի մեջ։

Հիշենք՝ կառավարությունը փոխհատուցում է փետրվարի փաստացի ծախսը. դիցուք՝ ծախսվել է 0 դրամ գազ, 0՝ հոսանք, ապա կառավարությունը փոխհատուցում է 0-ի 50 տոկոսը, որն էլի զրո է։ Այսինքն՝ հսկայական թիվ կազմող տվյալ բաժանորդները չեն ստանում գումար, բայց ներառված են այս թվի մեջ։

Շատ կցանկանայինք, որ կառավարությունը նույն աղմուկով հրապարակեր նաև հաշվետվությունը, թե իրականում քանի՞ բաժանորդի է փաստացի վճարվել այդ փոքրիկ գումարները։

Ի դեպ՝ այս հաշվետվություն – հրապարակումից կարելի է մի շատ հետաքրքրական բան պարզել. փաստացիորեն որքա՞ն է կազմում արտագաղթած ընտանիքների (փակ դռների), չաշխատող բիզնեսների և լքված այլ հաստատությունների հանրագումարային թիվը։

Իրականում դա արդեն երկրորդական հարց է, քանի որ կառավարության համար այս օրերին առաջնայինը ոչ թե փաստացի գործ կատարելն է, այլ դրա իմիտացիան, այսինքն՝ տպավորությունը, որ ինչ-որ բան է արվում։ Իսկ իմիտացիայի լավագույն ձևը նաև հրապարակ նետված ճոխ թվերն են, որոնք նաև շուտով հազարավոր անգամներ կշրջանառվեն լրատվամիջոցներով, տեղ կգտնեն  հարյուրավոր ելույթներում, ճառերում կամ հարցազրույցներում և այլն։

Ի դեպ՝ ՀՀ սույն միջոցառումն անհամեմատելի է Վրաստանի նույնանուն ծրագրի հետ. Վրաստանում շուրջ 9.000 դրամ հոսանքն է սուբսիդավորվել, 27,000 դրամ՝ գազը, միասին՝ 36,000 դրամ, իսկ ՀՀ կառավարությունը միասին սուբսիդավորում է 15.000 դրամի 50%-ը՝ 7.500 դրամ, այն է՝ մոտ 5 անգամ պակաս։

Հ.Գ. Տեղին է հիշել երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթը և փաստել` միգուցե ներկայիս կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ, եթե բացակաները նախկինում «քվեարկել են» կամ «թոշակավորվել», ինչու՞ պետք է այժմ չներառվեն սույն ծրագրի շահառուների մեջ։ 

Վահե Սարգսյան