կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-26 11:50
Քաղաքական

Չեմ կարծում` պատգամավորի ձերբակալության մասին հայտարարությունները պետք է առաջինը վարչապետն անի

Չեմ կարծում` պատգամավորի ձերբակալության մասին հայտարարությունները պետք է առաջինը վարչապետն անի

Հայտարարում են` չենք միջամտում դատական գործերին, քննությանը, բայց վարչապետը լավ տեղեկացված էր. ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` տարօրինակ չէ՞, որ, մինչև իրավապահների հայտարարությունը, առաջինը վարչապետն է խոսում պատգամավորի նկատմամբ քրեական գործի հարուցման մասին, և սա այն դեպքում, երբ նա հայտարարում էր, թե չի միջամտելու իրավապահների գործին:

«Եթե վերանանք այն բանից, որ այդ հայտարարությունը վարչապետն արեց, ապա պետք է յուրաքանչյուր պատգամավոր հստակ գիտակցի, որ չպետք է պատսպարվի անձեռնմխելիությամբ: Եթե ներկայացվի համապատասխան գործ, ունենանք համոզում, որ դա ճիշտ է, մենք երբեք չենք խոչընդոտել, հիմա էլ չենք խոչընդոտելու, որ քննությունն ամբողջությամբ ընթանա»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ Փաշինյանը երկրի վարչապետն է, և նրան զեկուցվում է տիրող իրավիճակի մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Վարչապետն ավելի տեղեկացված պետք է լինի, քան մնացածները, բայց տիրապետել հարցի ամբողջ գործընթացին, սա մի քիչ այլ տեղ է տանում: Նման հայտարարություններից հետո ենթադրելի է, որ ոչ միայն տիրապետում է, այլ նաև դրա մեջ ներգրավված է, և դա կարող է այլ հետևությունների տեղիք տալ: Դրա կարիքը չկար, որ մինչև հարցի` ԱԺ բերելը վարչապետը հայտարարեր: Եթե սա արվեց քաղաքական նպատակներով, ուրեմն լավ չէ: Ես չեմ կարծում, որ նման հայտարարությունները պետք է առաջինը վարչապետն անի»:

Արմեն Ռուստամյանը բացառեց, որ պատգաավորը, որն առաջիկայում կձերբակալվի կաշառքի գործով, Դաշնակցություն խմբակցությունից է: