կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-17 12:00
Քաղաքական

ՕԵԿ-ն այլ մտադրություններ ունի. ՀՀԿ-ական պատգամավորի ուշագրավ հայտարարությունները

ՕԵԿ-ն այլ մտադրություններ ունի. ՀՀԿ-ական պատգամավորի ուշագրավ հայտարարությունները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համար անհասկանալի է ՕԵԿ-ի այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցությունը խնդրահարույց է եւ ոչ նպատակահարմար, քանի որ, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, կոալիցիայի շրջանակներում շատ սերտ գործունեություն է ծավալվել, և անձամբ պատգամավորը երբևիցե  չի նկատել, որ հետագա համագործակցության համար ՕԵԿ-ին ինչ-որ բան է խանգարել: Այս մասին պատգամավորը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում:

 

Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է, որ այս ամբողջ պատմությունը ընդամենը նորանշանակ վարչապետի անձով է պայմանավորված, Ավետիսյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում:

 

«Նախ` իրենց համար Հովիկ Աբրահամյան անձը նոր մարդ չէ, նրա հետ միշտ սերտ համագործակցել են: Ճիշտն ասած, ինձ ավելի շատ թվում է, որ ՕԵԿ-ի մոտ այլ մտադրություններ կան, քան այն, ինչ հրապարակավ հայտարարում են»,- ասաց պատգամավորը, բայց այդպես էլ հրաժարվեց բացել փակագծերը:

 

ՀՀԿ-ական պատգամավորը ասաց նաեւ, որ իր համար ընդունելի չեն ՕԵԿ-ի հայտարարության հիմնավորումները, քանի որ ինքն անձամբ երբեւէ չի տեսել դրանց դրդապատճառները:

 

Դիտարկմանը, որ, ըստ ՕԵԿ-ի, «նոր կառավարությունը պետք է ձևավորված լինի կիրթ, գրագետ… թիմից», այսինքն` ՕԵԿ-ն արդեն իսկ կասկածի տակ է առնում նոր ձեւավորվելիք կառավարության կիրթ եւ գրագետ լինելը՝ ի դեմս նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ինձ համար նման ձևակերպումները, այն էլ` մի քաղաքական ուժի կողմից, որը երկար ժամանակ եղել է կոալիցիայի կազմում, անհասկանալի են, քանի որ` ի՞նչ է նշանակում նախորդն ավելի կիրթ է, քան այն, ինչ որ սպասվում է, ինձ համար դա անհասկանալի է: Դա, այլ կերպ ասած, նաև վիրավորանք է և' ապագա կառավարության, և' անձերի հասցեին»,- ասաց Ավետիսյանը:

 

Մեր դիտարկմանը, որ, ըստ էության, ՕԵԿ-ը պարզ հայտարարեց, որ վարչապետի պաշտոնն էր ուզում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ հիմա շատ մարդ շատ բան է ուզում, պետք է կարողանալ հասկանալ, որ կա իշխող կուսակցություն, որն ԱԺ-ում մեծամասնություն է, եւ որոշումներն ինքն է կայացնում:

 

«Մենք ամեն անգամ համեստություն ենք անում, փորձում ենք ներգրավել տարբեր քաղաքական ուժերի, որպեսզի իշխանություններն ավելի ժողովրդավար լինեն, բայց դա չի նշանակում, որ երբ ներգրավելու առաջարկ ենք անում, միանգամից ամբողջն իրենց տանք, այդպես չի լինում: Չգիտեմ, ինձ համար այդ հայտարարությունից հետո մութ բաներ են մնացել»,- ասաց նա:

 

Հարցին, թե ՕԵԿ-ին ընդդիմություն պատկերացնո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական ուժ, որն ընդդիմություն է դառնում, պետք է հասկանա, թե դրանով ինչ է տալիս ժողովրդին: Այնպես չի լինում, որ մի որոշ ժամանակ ընդդիմություն լինի, մի որոշ ժամանակ իշխանություն: Դրանով քաղաքական դաշտն ավելի են խեղաթյուրում»: