կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 11:45
Առանց Կատեգորիա

Եթե Արցախն ընդգրկվի ՌԴ կազմում, Ադրբեջանի համար ամեն ինչ կվերջանա. ռուս պատգամավորի սենսացիոն հայտարարությունները

Եթե Արցախն ընդգրկվի ՌԴ կազմում, Ադրբեջանի համար ամեն ինչ կվերջանա. ռուս պատգամավորի սենսացիոն հայտարարությունները

Yerkir.am-ը բացառիկ զրույց է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռոման Խուդյակովի հետ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու և այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ, նաեւ` Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված հայտնի բաց նամակի մասին:

 

- Պարո'ն Խուդյակով, հետաքրքիր է իմանալ, թե ինչ կարծիք ունեք Հայաստանի՝ ՄՄ մտնելու և այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ:Ի՞նչ է սպասվում Ղարաբաղին, չէ՞ որ Հայաստանի անդամակցությունից հետո ԼՂՀ-ն, մաքսային առումով, կմեկուսանա Հայաստանից: Հնարավո՞ր է , որ Ղարաբաղը նույնպես ընդգրկվի Մաքսային միության մեջ, թեեւ դա դժվար է պատկերացնել՝ երկրի չճանաչված լինելու պատճառով:

 

- Հայտնելով իմ խմբակցության կարծիքը՝ կարող եմ ասել, որ Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու որոշումը ինքնուրույն և կշռադատված որոշում է: ԱՊՀ երկրներն իրենք են որոշում՝ միանալ ՄՄ-ին, թե` ոչ: Կարծում եմ, որ Հայաստանը ճիշտ քայլ է կատարել, որը դրականորեն կազդի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ երկրի տնտեսության վրա: Անդամակցությունից կես տարի անց Հայաստանը, տնտեսական առումով, արդեն կզգա այդ քայլի բոլոր դրական հետևանքները, դրանից կշահեն նաև հայ գործարարները:

 

Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, ապա այստեղ, կարծում եմ, նույնպես որոշակի փոփոխություններ են հարկավոր: Ղարաբաղը և Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է մտածեն՝ ինչպե՞ս Մաքսային միության մեջ ընդգրկել նաև Ղարաբաղին, որպեսզի վերանան բոլոր այդ արգելքները: Այդ ուղղությամբ հարկավոր է աշխատել, եւ դա կլինի հաջորդ քայլը, հարցը, որը ԼՂՀ-ն, Հայաստանը և ՌԴ-ն պետք է միասին լուծեն:

 

- Դուք արդեն խոսում եք ԼՂՀ-ին ընդգրկելու հնարավորության մասին, մինչդեռ ընդամենը վերջերս ռուսական «Առաջին ալիքը» սկանդալային տեսանյութ հեռարձակեց, որում ռեպորտաժի հեղինակն ասում է, թե Հայաստանի` ՄՄ-ին անդրամագրվելու ցանկությունն այդպես էլ կմնա ցանկություն` հենց Արցախի հարցի հետ կապված:

 

- Կարծում եմ, որ ամեն դեպքում Ռուսաստանը դիտարկելու է Հայաստանի անդամակցության հարցը, քանի որ դա կարևոր պետական հարց է: Ի վերջո, խոսքը նաև քաղաքացիների մասին է, որոնց չի կարելի թողնել բախտի քմահաճույքին: Դա մեր ընդհանուր թեման է, ընդհանուր խնդիրը, որը մենք միասին պետք է լուծենք:

 

- Այսպիսով՝ կարելի է ասել, որ դա լրագրողի սուբյեկտիվ կարծիքն էր և չի արտահայտում ռուսական ղեկավարության դիրքորոշումը:

 

- Գիտեք՝ ես կարող եմ խոսել միայն իմ անունից և արտահայտել մեր խմբակցության սկզբունքային դիրքորոշումը:

 

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Թուրքիայի՝ ՄՄ-ին միանալու ցանկությանը: Ձեր կարծիքով` դա լո՞ւրջ է, թե՞ միայն փորձ է արվում վախեցնել ԵՄ-ին՝ կարծիք ստեղծելով, որ երկրի քաղաքական վեկտորը կարող է փոխվել դեպի ՄՄ, դեպի Ռուսաստան:

 

-Կարող եմ ասել միայն, որ թուրքերը պարզապես քաղաքականություն են խաղում և արդեն շատ հեռու են գնացել իրենց խաղում: Թուրքիայի ժողովուրդը շուտով այնքան կհոգնի այդ կառավարիչ-վարչարարներից, որ նրանք արդյունքում փողոցում կհայտնվեն: Ես խորհուրդ կտամ նրանց` այդքան չտարվել այդ խաղով, առավել ևս, որ Թուրքիայի ժողովրդի դժգոհությունը իշխանություններից արդեն հասել է իր գագաթնակետին:

 

-Դժվար է պատկերացնել, որ ՄՄ-ում կարող են ընդգրկվել երկու թուրքալեզու պետություններ և, առավել ևս, որ Ռուսաստանը կողմ լինի դրան:

 

-Ոչ, գիտեք, յուրաքանչյուր հայտ դիտարկվում է, կարևորը, որ ժողովրդի համար լավ լինի:

 

- Պարո'ն Խուդյակով, Դուք տեղյա՞կ եք հայ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի բաց նամակից՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում վերջինիս կոչ է անում ՌԴ-ին` Ղարաբաղը ներառել Ռուսաստանի կազմի մեջ: Բալայանն իր այս առաջարկը հիմնավորում է 1813 թվականին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի և 1828-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրերով: Եթե նույնիսկ տեղյակ չեք նամակից, այդուհանդերձ, ընդունե՞լի է Ձեզ համար նման դիրքորշումը, Ղարաբաղը կարո՞ղ է երբևիցե ընդգրկվել Ռուսաստանի կազմում:

 

- Կարծում եմ` եթե ԼՂՀ-ի բնակչությունը ցանկանա դա, դիտարկի նման հնարավորություն, ապա ռուսական կողմն անպայման պետք է արձագանքի: Եթե Ղարաբաղի բնակչությունը ցանկանում է ՌԴ-ի մասը կազմել, ապա ինչո՞ւ` ոչ:

 

-Բայց Զորի Բալայանը չի խոսում ԼՂՀ ժողովրդի անունից: Դա ամենևին ԼՂՀ-ի բնակչության ցանկությունը չէ, այլ անհատի՝ Զորի Բալայանի սուբյեկտիվ ցանկությունը:

 

- Կարող եմ միայն մեկ բան ասել` եթե, այնուամենայնիվ, ԼՂՀ-ի ղեկավարությունը դիմի նման առաջարկով Ռուսաստանին, կարծում եմ, ռուսական իշխանությունները կդիտարկեն այն, առավել ևս մենք` Պետական դումայի պատգամավորներս: Օրինակ` ես մեծ ուրախությամբ կողջունեմ այդ ուղղությունը:

 

- Կարծո՞ւմ եք, որ այսպիսով վերջապես կլուծվի Ղարաբաղյան հակամարտությունը, իսկ Ադրբեջանը, կարելի է ասել, խաղից դուրս կմնա:

 

- Այո, իհարկե, այդ դեպքում խնդրին այլ կերպ կմոտենային մնացած բոլոր պետությունները: Իսկ Ադրբեջանը վերջապես կհասկանար, որ իր համար ամեն ինչ վերջացած է, որ պետք է հանգիստ թողնի ԼՂՀ-ի բնակչությանը, որպեսզի նրանք հանգիստ և խաղաղ ապրեն: Ես ընդհանրապես կարծում եմ, որ, երբ որեւէ պետություն առանձնանում է, եւ այդ երկրի բնակչությունը որևէ որոշում է կայացնում, այն միշտ պետք է հաշվի առնել եւ բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով: Պատերազմն ինձ համար միշտ անընդունելի է, այն երբեք ոչ ոքի ոչ մի լավ բան չի բերել՝ միայն ցավ և կորուստներ: Այնպես որ` այդ ամենից պետք է ազատվել. դա արդեն հին թեմա է, իսկ նոր թեմայում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

 

Հարցազրույցը` Անի Սահակյանի