Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Հոկտեմբերի 6-ին Բեռլինում վախճանվել է արցախցի կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից: Դոն Ասկարյանը արցախցի հայտնի քանդակագործ, գեղանկարիչ Ռոբերտ Ասկարյանի եղբայրն է:
Դոն Ասկարյանը ծնվել է 1949 թվականին Ստեփանակերտում: 1967 թվականին Մոսկվայում ուսուցանել է պատմություն և արվեստ, եղել է ռեժիսորի օգնական, ֆիլմերի քննադատ, աշակերտել է Անդրեյ Տարկովսկուն: 1973 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը։ 1975-1977 թվականներին աքսորվել է Սիբիր՝ Խորհրդային բանակում ծառայությունից հրաժարվելու համար, 1978 թվականին ԽՍՀՄ-ից արտաքսվել է Արևմտյան Գերմանիա, որտեղ էլ կնոջ՝ Մարգարիտի հետ ստեղծել է «Մարգարիտ Ոսկանյան» կինոֆիրման։
Հայաստանի անկախությունից հետո վերադարձել է հայրենիք և սկսել նկարահանել ֆիլմեր: Ասկարյանի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից՝ ARD, WDR, ZDF, Channel 4, 3 sat, Arte և այլն։
«Վտանգավոր լույս» գրքի հեղինակն է։ Լուսանկարների անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում, որտեղ ներկայացրել է 1969 թվականից Հայաստանում, Բեռլինում, Գյուլիստանում և շատ այլ վայրերում կատարած աշխատանքներ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տոկիոյում, Բեռլինում, Պոտսդամում, Երևանում և այլուր։
Հայտնի կինոռեժիսորի գործերից են՝ «Կոմիտաս», «Լեռնային Ղարաբաղ» (ցուցադրվել է գերմանական հեռուստատեսությամբ), «Ավետիք», «Փարաջանով», «Հին հռոմեական ճանապարհին»,«Արարատ. 14 տեսանկյուն», «Հայրիկ» ֆիլմերը:
Դոն Ասկարյանը բազմաթիվ միջազգային կինոմրցանակների դափնեկիր է՝ Վենետիկի կինոփառատոնի 6 մեդալ («Կոմիտաս» ֆիլմի համար), Ոսկե տեսախցիկ «Միջազգային ԱՐՏ կինոփառատոնում վաստակի համար», Հարվարդյան կինեմատոգրաֆիայի արխիվի մրցանակ և այլն: