կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-13 12:59
Հասարակություն

«Դոն Պիպոն Հայաստանից հեռացել է Մանվել Գրիգորյանի պատճառով»

«Դոն Պիպոն Հայաստանից հեռացել է Մանվել Գրիգորյանի պատճառով»

Էջմիածինցի հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին, քրեական հեղինակություն համարելը սխալ է: Այս կարծիքին է գրող, քրեական կենսագիր Սերգեյ Գալոյանը:

 

«Ոչ մի անգամ բանտ չի նստել, բանտի հոտն էլ չի առել: Նրա որդին սովորում է Քեմբրիջի համալսարանում՝ լավագույն ուսանողներից է: Եթե նման բան լիներ, շահագրգռված կլինեին տղային հանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նա:

 

Մանրամասնելով իր` Իտալիա այցը` Գալոյանը հայտնեց, որ այնտեղ էր մեկնել Պիպոյի հրավերով: Նա նշեց, որ նման պատվի է արժանացել այն բանից հետո, երբ Պիպոն կարդացել է իր մասին Գալոյանի գրած դրական հրապարակումները:

 

Խոսելով Ասատրյանի գործունեության,  կենսագրության մասին` գրողը նշեց, որ Արթուրը Պիպո մականունը ստացել է մանուկ հասակում: «Փոքր տարիքում մեծահասակներին նա պիպո է ասել, այդտեղից էլ նրան սկսել են կոչել Պիպո: Իսկ դոն ընդունված է անվանել Իտալիայում»,- ասաց նա և հավելեց, որ Պիպոն միջնակարգ կրթություն է ստացել, իսկ Հայաստանից մեկնել է գեներալ Մանվել Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: «Սկզբում մեկնել է Մոսկվա, հետո՝ 2005-ին, ընտանիքի հետ հաստատվել Իտալիայում»,- ասաց Գալոյանը և նշեց, որ Պիպոյի մասին նյութեր ունի հայտնի դերասան Միքայել Պողոսյանը, ով, ըստ նրա, 7 օր Պիպոյի հյուրն է եղել:

 

Նշենք, որ Դոն Պիպոն խոշոր ձեռնարկատեր է, ունի հյուրանոցների և սրճարանների մեծ ցանց Մոսկվայում, Իտալիայում և Եվրոպայում: Մի քանի տարի է, ինչ Էջմիածնում կառուցվում է նրա առանձնատունը:

 

Ուշագրավ է, որ Պիպոյի տունը կառուցում են ոչ թե հայ, այլ իտալացի շինարարներ: Գալոյանի խոսքով՝ հայ շինարարները «փնթի» գործ են անում, դրա համար էլ Պիպոն նախընտրել է իտալացիներին: Նրա պատմածով՝ Իտալիայում Դոն Պիպոն բնակվում է այն տանը, որը ժամանակին պատկանել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին:

 

Գալոյանը հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Պիպոն համատեղ բիզնես ունի Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու հետ:

 

Ի դեպ, քրեական կենսագիրը պատրաստվում է նոր գիրք գրել Պիպոյի մասին:

 

Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: