Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքացիական իր պարտքը կատարելու էր եկել Երևան քաղաքի թիվ 9/59 ընտրատեղամասում, որը տեղակայված է Գրողների միության շենքում: Լրագրողներին տեսնելով` նախագահը նա կատակեց` բոլորդ այստե՞ղ եք ընտրելու, այնուհետև գնաց` քվեարկելու:
Լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Սարգսյանը նախ անգլերենով պատասխանեց օտարերկրյա լրատվամիջոցներից մեկի հարցին՝ նշելով, որ սա Հայաստանի համար կարևոր օր է:
Նա հայաստանյան լրագրողներին վստահեցրեց, որ նույնը կասի նաև հայերենով: «Ո՞ր բարբառով եք ուզում, Գյումրվա՞»,- կատակեց նախագահը: Լրագրողներից մեկն արձագանքեց՝ Լոռվա: «Դե Լոռվա բարբառը շատ պարզ է՝ անձրև է գալիս»,- կրկին կատակով արձագանքեց Արմեն Սարգսյանը, ապա պարզաբանեց, թե ինչու է կարևոր օր համարում դեկտեմբերի 9-ը՝ շնորհավորելով ՀՀ բոլոր քաղաքացիներին:
«Ընտրությունների օր է, ժողովուրդն իր կամքը պետք է արտահայտի, սա ժողովրդի, մեր կարևորագույն իրավունքն է, հետևաբար՝ տոն է: Եվ ես հույս ունեմ, որ մեզանից յուրաքանչյուրն այդ տոնը կնշի` իր պարտականությունը կատարելով, այն է՝ գնալով իր ընտրատեղամաս և ընտրելով: Ընդ որում՝ ընտրելով ազատ, անկաշկանդ՝ անկախ նրանից, թե ում է իր ձայնը տալու: Ես հույս ունեմ, որ այս ընտրությունները կլինեն ազատ և արդար: Այս ընտրությունները պիտի լինեն ապագայի համար, յուրաքանչյուր ընտրող պետք է դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի, իր երեխայի մասին և այն պատասխանատվության, որ կրում է, որովհետև պատասխանատվություն մեր երկրի ապագայի համար կրում են բոլորը՝ և' նախագահը, և' վարչապետը, և' ԱԺ-ն, և' ԱԺ-ի նախագահը, և' նախարարները, բայց նախևառաջ` յուրաքանչյուր քաղաքացի: Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունը և պատասխանատվությունը ցուցադրելու պահն է: Մաղթում եմ, որ մեր ընտրությունները լինեն իսկապես ազատ և արդար»,- նշեց Արմեն Սարգսյանը:
Նա չմեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:
Հավելենք, որ ՀՀ նախագահը թիվ 9/59 ընտրատեղամաս էր եկել տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, որը, սակայն, այլ ընտրատեղամասում էր քաղաքացիական իր պարտքը կատարելու: