կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-20 15:25
Քաղաքական

Նալբանդյանի հայտարարության վերաբերյալ Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանություն չունի

Նալբանդյանի հայտարարության վերաբերյալ Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանություն չունի

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին խնդրեցին մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանին առկա վիճակը` հիշեցնելով, որ երեկ հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել: «Մենք երեկ դրա հետ կապված հայտարարություն ենք տարածել: Դուք գիտեք մեր վերաբերմունքը դրա հետ կապված: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որն ուղղված է խաղաղության հաստատմանը»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայությանը` ԱԳ նախարարը նշեց. «ՀԱՊԿ-բ այն կառույցն է, որտեղ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը, և արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ այդ կառույցի ներսում մենք մեր գործառույթը չենք իրականացնում»:

Հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ի լռության հետ կապված խնդիր տեսնում են, նա պատասխանեց. «Մենք համբերատարությամբ աշխատում ենք մեր գործընկերների հետ»:

Ինչ վերաբերում է  ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ են զեկուցել և մոլորության մեջ գցել Արցախի հարցով, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Մեկնաբանություն չունեմ»:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցով ժառանգություն է ստացել մի տարբերակ, ըստ որի` Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա, ինչը  ԱԳ նախկին նախարարը համարել էր մոլորություն: