կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-11 14:49
Քաղաքական

Երևանի աղբահանությունը կարևոր խնդիր է բոլոր խմբակցությունների համար

Երևանի աղբահանությունը կարևոր խնդիր է բոլոր խմբակցությունների համար

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավն արդեն սկսված է: «Հոդված 3» ակումբում այսօր հյուրընկալվել էին «Իմ քայլը», «Լույս» դաշինքների, ԲՀԿ, ՀՅԴ և «Երկիր ծիրանի» կուսակցություններից ավագանու թեկնածուներ` բանախոսելու «Երևանի աղբահանության խնդիրները. քաղաքական ուժերի մոտեցումներն ու ծրագրային լուծումները» թեմայով:

«Իմ քայլը» դաշինքը ներկայացնում էր ավագանու անդամության թեկնածու Տրդատ Սարգսյանը, «Լույս» դաշինքը` Անի Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան»-ը` Արման Աբովյանը,«Երկիր ծիրանի»-ն` Սոնա Աղեկյանը,
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` Դավիթ Հակոբյանը:

Սրահում համերաշխություն էր տիրում. բոլոր բանախոսները գրեթե միակարծիք էին մայրաքաղաքն աղբից մաքրելու հարցում: Գրեթե նույն  առաջարկություններն  ու ծրագրերն էին հնչում ներկա գտնվող բոլոր թեկնածուների կողմից: Բոլոր բանախոսների համար միանշանակ էր, որ «Սանիթեքը», որը մինչ օրս Երևանում զբաղվում է աղբահանությամբ, իր աշխատանքը պատշաճ չի կատարում, և պետք է վերանայել կնքված պայմանագիրը: Ըստ բանախոսների` աղբահանության խնդիրը պետք է լուծել բաց, պարզ տենդերային համակարգով, պետք է պայմանագրում հստակ ընդգծել պատասխանատվությունը աղբահանությունը ոչ պատշաճ կատարելու դեպքում: Նաև բոլորը միակարծիք էին, որ Երևանի մաքրությունն ապահովելուն և առհասարակ աղբահանությունը լավ կազմակերպելուն կնպաստի աղբամշակման գործարանը:

ԲՀԿ ավագանու թեկնածու Արման Աբովյանը ուսումնասիրել էր Հոլանդիայի և  Դանիայի փորձը աղբի վերամշակման ոլորտում, անգամ ներդրողների հետ էր զրուցել, ովքեր արդեն Հայաստանում աղբի վերամշակման գործարան կառուցելու ցանկություն են հայտնել և հաշվարկել գործարանի արժեքը. եթե` մեծ, ընդլայնված գործարան լինի, շինարարությունը կարժենա 3-5 մլն դոլար, եթե` փոքր, այսինքն`կոնկրետ մթերք վերամշակող գործարան, ապա շատ ավելի էժան կարժենա:

ՀՅԴ ավագանու թեկնածու Դավիթ Հակոբյանը առաջնային խնդիր է համարում ապօրինի աղբավայրերի առաջացումը: Նրա խոսքով` հիմա շատ հաճախ կարելի է տեսնել կարևոր մի վայրում կուտակված շինարարական և այլ տեսակի ու որակի աղբ, որը վնաս է հասցնում շրջապատի մարդկանց առողջությանն ու էսթետիկ առումով շատ է տգեղացնում քաղաքը: Դավիթ Հակոբյանի կարծիքով` խորհրդային ժամանակաշրջանում աղբահանությունը լավ էր կատարվում: «Նախկինում թաղապետարանները շատ լավ կազմակերպում էին  աղբահանությունը, և երևում էր, թե ով է լավ աշխատում, ու նախանձ էր առաջանում. մյուս թաղերում էլ էին սկսում հոգալ իրենց շրջակայքի աղբահանության ու մաքրության մասին»,- ասաց նա:

«Երկիր ծիրանի»-ից թեկնածու Սոնա Աղեկյանի  և «Իմ Քայլը» դաշինքից թեկնածու Տրդատ Սարգսյանի կարծիքով` երևանցիները աղբի մեջ են հայտնվել, և  դրա գլխավոր պատճառը ոչ ճիշտ կառավարումն ու վերահսկողության բացակայությունն է:

«Լույս» դաշինքի ներկայացուցիչ Անի Սիմոնյանն էլ առաջարկում է Երևանի աղբահանությունը ու մաքրությունը չվստահել միայն մեկ ընկերության, այլ մրցակցություն ստեղծելու և համեմատելու հնարավորություն ունենալու համար քաղաքի կեսը տրամադրել մի ընկերության, մյուս կեսն էլ` մեկ այլ ընկերության: «Եթե այսօր մենք ունենայինք քաղաքը մաքրող ոչ թե մեկ, այլ երկու ընկերություն, հնարավոր կլիներ խզել պայմանագիրը «Սանիթեքի» հետ, քանի որ ուրիշ մեկը կլիներ, ով կզբաղվեր դրանով, բայց դա դեռևս հնարավոր չէ»,- ասաց նա:

Քննարկման վերջում բոլոր խմբակցություններն էլ ասացին, որ ով էլ ընտրվի, իրենք պատրաստ են միավորվել ու օգնել, որ մեր երկրի մայրաքաղաքը աղբից  մեկընդմիշտ ազատվի ու մաքուր լինի: