կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-29 10:32
Հասարակություն

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը վնասվածքներ է ստացել

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը վնասվածքներ է ստացել

Երեկ գիշեր Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել Արման Մկրտումյանը: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ վնասվածքի բնույթն ու ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հարցին, թե Մկրտումյանը հոսպիտալացվե՞լ է, Տռուզյանը պատասխանեց` ոչ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք են մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։ Տանտերերի ցուցաբերած դիմադրության արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է, մյուս երկուսը, ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակելով, դիմել են փախուստի։

Դեպքի պահին տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեկ անձ ձերբակալվել է։