կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-11 18:08
Իրավական

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը դեմ է երկաստիճան դատական համակարգին

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը դեմ է երկաստիճան դատական համակարգին

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը դեմ է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով առաջարկվող` եռաստիճան դատական համակարգից երկաստիճան համակարգին անցնելուն:

 

«Ես, անկեղծ ասած, բացասական եմ գնահատում, քանի որ ներկա դատական համակարգը կառուցված է որոշակի տրամաբանության վրա: Մենք ունենք երեք դատական ատյան, որոնցից ամեն մեկն ունի իր գործառույթները: Եթե մենք հիմա երկրորդ ու երրորդ ատյանը միացնենք իրար, ապա մենք, կարծես, այն նպատակները, որոնք իրավունքի հիմնարար սկզբունքներից են բխում, կարող ենք կորցնել»,- ասաց նա:

 

Անդրադառնալով այն տեսակետին, թե երկաստիճան դատական համակարգի շնորհիվ հնարավոր կլինի տնտեսել պետական միջոցները` Ավետիսյանն ասաց. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ պետական միջոցների տնտեսումը ևս տեղի չի ունենա, որովհետև այդ քանակի գործեր քննելը, միևնույն է, կպահանջի համապատասխան անձնակազմ, միևնույն է՝ կպահանջի համապատասխան աշխատանք, և մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այս առումով պետությունը (ես նկատի ունեմ տնտեսական առումով) որևէ օգուտ չի ստանա, իսկ արդարադատության շահի առումով` ես կարծում եմ` մենք ավելի հետքայլ կատարած կլինենք, քան թե այն, ինչ որ ունենք»:

 

Ավետիսյանի խոսքով` ներկայումս մենք ունենք բավականին ձևավորված, դինամիկ և որոշակի իրավական հիմքերի վրա աշխատող դատական համակարգ, որն արդեն տասնյակից ավելի տարի աշխատում է և ցույց է տվել իր արդյունավետությունը: «Բարեփոխումը հանուն բարեփոխության չպետք է կատարվի, բարեփոխումը պետք է որոշակի ռեալ, իրական նպատակներ հետապնդի, և այդ հաշվարկները պետք է լինեն ոչ թե վերացական, այլ դրանք պետք է լինեն ուսումնասիրված, վերլուծված, գնահատված փաստերով»,- ասաց նա:

 

Մանրամասները, ինչպես նաև Ավետիսյանի կարծիքը` Սահմանադրական փոփոխություններով առաջարկվող` Արդարադատության խորհրդի կազմում թոշակի անցած դատավորներին ընդգրկելու մասին, դիտեք  yerkir.am-ի տեսանյութում: