Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անգելա Մերկելն արդեն Բաքվում է: Ճիշտ է, օդանավակայանում նրան դիմավորել է ոչ թե Իլհամ Ալիեւը կամ գոնե Մեհրիբան Ալիեւան, այլ Ադրբեջանի փոխարտգործնախարարը, ընդ որում՝ առանց ծաղիկների, բայց դա Մերկելի ու Ադրբեջանի խնդիրներն են, մեր խնդիրը բարոյական հաղթանակն է: Երեկ Երեւանի Հյուսիսային պողոտայում մենք տարանք պատմության մեջ անթիվ-անհամար բարոյական հաղթանակներից մեկը, քանի որ մեր վարչապետը մեզ սելֆի արեց Գերմանիայի կանցլերի հետ, ով ժպտում էր` այն պարագայում, երբ ո'չ Թրամփի հետ է ժպտում, ո'չ էլ` Պուտինի: Հասկանալի է, որ ֆրաու Մերկելի հետ սելֆիները մենք պահելու-պահպանելու ենք մեր հեռախոսներում՝ որպես սուրբ մասունք, եւ հեռավոր գյուղերի մեր բարեկամներին ցույց ենք տալու՝ ապացուցելով, որ քայլել ենք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլեւ Անգելա Մերկելի հետ:
Բայց կներեք, այդ սելֆիները պետական մակարդակով մեզ ի՞նչ են տալու: Բեռլին վերադառնալուց հետո Մերկելը հիշելո՞ւ է մեր ժպտուն դեմքերն ու հանձնարարելու է գերմանացի բիզնեսմեններին անհապաղ ու անսահման ներդրումնե՞ր անել Հայաստանում, որպեսզի մեր դեմքերից ժպիտները երբեք չանհետանան, թե՞ Բունդեսթագում ելույթ է ունենալու ու շեշտելու, որ Օսմանյան Թուրքիան մեզ ցեղասպանության է ենթարկել, իսկ Արցախն անկախ պետություն է, ու Գերմանիան պաշտպանում է Արցախի տարածքային ամբողջականությունը: Ի դեպ, օրինակ` Վրաստանում, որտեղից էլ Մերկելը ժամանեց Հայաստան, նա հայտարարել է, որ Բեռլինը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Հասկանալի է, որ Գերմանիայի կանցլերը նման բաներ չի ասելու, ավելին` նա մեր ժպիտները չի հիշելու, գուցե Երեւանը հիշի, օդանավակայանի ծաղիկները հիշի, բայց եթե բոլոր օտարերկրացի ղեկավարներն ու բիզնեսմենները Հայաստանին սատարեին միայն այն բանի համար, որ եղել են այստեղ ու իրենց օդանավակայանում ծաղիկներ են նվիրել, ապա բոլորս միլիոնատեր կլինեինք՝ քյաշ դոլարով:
Կոնկրետ ի՞նչ հայտարարություն արեց Մերկելը Երեւանում, նկատի ունեմ՝ քաղաքական, օրինակ` նա ասա՞ց, որ Գերմանիան 200 մլն եվրո է տրամադրելու Հայաստանին, ասենք` արդարադատության ոլորտում բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարում նոր կառավարության աննահանջ քայլերն առաջ մղելու նպատակով: Ասա՞ց, որ Գերմանիան պատրաստվում է ավելացնել իր ներդրումները մեր երկրում՝ կրկնապատկելով երկկողմ առեւտրա-տնտեսական գործակցության ծավալը, ասա՞ց, որ Բեռլինը պատրաստակամ է ամուր բռնել Երեւանի ձեռքը դեպի Բրյուսել ճանապարհին… Չասաց: Ասաց միայն, որ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ գործակցությունը երբևեէ հնարավոր է, ու Հայաստանը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է լինել ԵԱՏՄ անդամ ու գործակցել ԵՄ-ի հետ: Բայց Մերկելը, եւ ոչ միայն նա, սա միշտ է ասել, եւ ուրեմն՝ Գերմանիայի կանցլերը Երեւանում հայ-գերմանական, հայ-եվրոպական գործակցության վերաբերյալ որեւէ նորություն չասաց, ավելին` ԼՂ հակամարտության հարցով Եվրոպայի քաղաքականությունը որոշող կինը հայտարարեց՝ ԼՂ հիմնահարցի լուծման համար պետք է ապահովել լավ մթնոլորտ: Այսքանը: Մնացածը սելֆիներ են, ժպիտներ են, ծաղիկներ են, փուչիկներ են ու Գերմանիա այցելելու հրավեր է, որն արեց Մերկելը՝ Փաշինյանին, չնայած իր հետ միայն Փաշինյանը չէ, որ սելֆի էր արել, ու շատերը կան Երեւանում, որ կուզենային գոնե մեկ անգամ լինել Գերմանիայում, մանավանդ` անձամբ կանցլերի հրավերով:
Մնում է համբերել ու տեսնել, թե ո՞րն ավելի շուտ կլինի՝ Գերմանիան իրապես կմեծացնի իր տնտեսական ու քաղաքական կապերը Հայաստանի հե՞տ՝ ճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, թե՞ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհաղթի գերմանացիներին: Ես, օրինակ, կարծում եմ, որ վերջինն ավելի շուտ կլինի:
Հովիկ Աֆյան