կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-24 20:36
Քաղաքական

Հայաստանի արտաքին հարաբերություններում շրջադարձեր չեն լինելու. Փաշինյանը` Մերկելին

Հայաստանի արտաքին հարաբերություններում շրջադարձեր չեն լինելու. Փաշինյանը` Մերկելին

Ավարտվեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսը: Գերմանացի լրագրողի հարցին, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցով  արդյո՞ք հնարավոր է հավասարակշռել հարաբերությունները Հայաստանի ու Ռուսաստանի հետ, Մերկելը շատ կարճ պատասխանեց, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևի ոգուն համապատասխան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և այդտեղ ինքը իրավաբանական խնդիր չի տեսնում:

ՀՀ վարչապետ Փաշինյանը հավելեց, որ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՀՀ-ն արտաքին հարաբերություններում որևէ գործընկերոջ հետ քաղաքականություն չի վարում այլ գործընկերոջ հետ հարաբերությունները հակակշռելու նպատակով:

«Մենք ասել ենք, որ արտաքին հարաբերություններում շրջադարձեր չեն լինելու: Մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ` ՀԱՊԿ  և ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև ԵՄ հետ: Քննարկումներում արձանագրվեց, որ մեր այս քաղաքական մոտեցումները լիարժեք կերպով ընկալելի են Գերմանիայի կողմից:Այստեղ հակակշռելու անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է գործուն համագործակցություն ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև, և ինչպե՞ս է այդ համագործակցության մեջ տեսնում Հայաստանի տեղը, Մերկելը պատասխանեց.

«Հայաստանը լավ  օրինակ կարող է լինել այն բանի, թե ինչպես կարելի է լավ համագործակցել թե Ռուսաստանի ու թե ԵՄ հետ: Դժվար թե առաջիկայում բանակցություններ լինեն ԵՄ և ԵՏՄ միջև»: