կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-22 17:47
Մշակույթ

Եթե որևէ մեկը մերժում է ստանում, պետք է իմանա՝ ինչի համար է այն ստացել. քննարկվել է «Չնչիկ»-ի խնդիրը

Եթե որևէ մեկը մերժում է ստանում, պետք է իմանա՝ ինչի համար է այն ստացել. քննարկվել է «Չնչիկ»-ի խնդիրը

Տեղեկացրել էինք, որ այսօր ռեժիսոր Արամ Շահբազյանըր հացադուլ էր սկսել մշակույթի նախարարության շենքի մոտ, որի պատճառը նրա «Չնչիկ» ֆիլմի՝ ավարտին չհասցնելու առեղծվածային պատմությունն է: Yerkir.am-ի հետ զրույցում Շահբազյանը նշել էր, որ հացադուլը մոտ մեկ ժամ է տևել, քանի որ իրեն նախարարի հետ զրույցի են հրավիրել:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Լիլիթ Մակունցը նշել է, որ Շահբազյանի հետ պայմանավորվել են, որ հացադուլը դադարեցնում է, որովհետև իրենք հակառակ բևեռներում չեն և կոչված են լուծելու այն խնդիրները, որոնք տասնյակ տարիներ լուծում չեն ստացել:

«Ես տեղեկացա, որ «Չնչիկ» ֆիլմն ընդհանրապես հանձնաժողովի քննության առարկա չպետք է դառնար. կինոկենտրոնն արդեն իսկ խոստացել էր, որ ֆիլմը նկարահանվելու է, ու գումար է տրվելու հետարտադրական աշխատանքների համար, ընդ որում`, դա եղել է որոշում և ոչ թե բանավոր պայմանավորվածություն, ուստի անհասկանալի է, թե ինչու է այն ներկայացվել հանձնաժողովի քննարկմանը: Ես կհանդիպեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ եւ կստանամ այդ հարցի վերաբերյալ պարզաբանում»,- ասել է նախարարը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ որոշել են այսօր Կինոկենտրոնի հանձնաժողովի մասնակցությամբ նիստ հրավիրել` ոչ թե որոշման վրա ազդեցություն ունենալու նպատակով, այլ վստահ լինելու, որ հանձնաժողովի բոլոր գործողությունները թափանցիկ են. «Մշակույթի նախարարության որդեգրած սկզբունքը հետևյալն է` ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա թափանցիկ եւ ոչ միանձնյա որոշմամբ: Որևէ մեկը, անգամ նախարարը, չի կարող ազդեցություն ունենալ հանձնաժողովի որոշման վրա: Բացի այդ, եթե ինչ-որ մեկը ստանում է մերժում, պետք է իմանա, թե ինչի համար է ստացել այդ մերժումը»:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն էլ նշել է, որ, այո,  կար որոշում, որ ֆիլմը 2018-ին պետք է անպայման ֆինանսավորել և հասցնել ավարտին, սակայն այն պահին, երբ պետք է վերջնականապես հստակեցնեին 2018-ին ֆինանսավորվող նախագծերի ցանկը, ամեն ինչ դադարեցվեց մշակույթի նախարարության կողմից՝ պատճառաբանությամբ, որ ստեղծվելու է նոր կանոնակարգ, որով էլ կիրականացվի գործընթացը: «Մարտին ես առաջարկեցի ցուցակներում ներառել այն ֆիլմերը, որոնց նկատմամբ Ազգային կինոկենտրոնն ունի պարտավորություններ, կան կնքված պայմանագրեր, այդ թվում՝ «Չնչիկը»: Նախարարությունում ինձ պատասխանեցին՝ դա հնարավոր չէ, քանի որ 2012-ին մենք ստորագրել ենք ֆիլմի հանձնման-ընդունման ակտ, որի համաձայն` այս ֆիլմն ավարտված է: Մարտից հետո այս հարցը կրկին բարձրացվել է: Նախարարությունում ինձ խնդրեցին պատրաստել նոր փաթեթ: Մենք պատրաստեցինք այդ փաթեթը՝ անհրաժեշտ բոլոր մանրամասներով, որը և ներկայացրեցի հանձնաժողովին՝ խնդրելով մեկ անգամ ևս նայել այս նախագիծը»,-ասել է Միրզախանյանը: