Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մշակույթի և կրթության նախարարությունները համատեղ երկու ծրագրով հանդես կգան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ առաջին ծրագիրը հանրապետությունում 1-12-րդ դասարանցիների համար նախատեսվող աբոնեմենտային համակարգի ներդնումն է: Նախարարի խոսքով՝ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի 3 մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն կտրվի: «Մշակութային հաստատություններն են՝ թանգարան կամ Ազգային պատկերասրահ, թատրոն և համերգասրահ /դասական երաժշտության/: Կարևոր ենք համարում 30 տարի անց աբոնեմենտային համակարգի վերագործարկումը, քանի որ մեր երկու նախարարությունների քաղաքականության մեջ է մտնում երկու ոլորտների զուգակցումը»,-ասաց Մակունցը:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ ծրագրի մասին խոսել են դեռ ընդդիմություն եղած տարիներին և կարևորել երեխաների՝ մշակույթի հետ հաղորդակցումը: Նրա խոսքով՝ այս տարի ծրագիրը պիլոտային կլինի՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ կարող են ընթացքում առաջանալ: «Այս տարվա հոկտեմբեր ամսից սկսած՝ շուրջ 350 000 աշակերտ կարող է երեքական մշակութային հաստատություն այցելել: Նախագծի համար նախատեսել ենք 400 մլն դրամ, որը կհատկացվի պետբյուջեից, սակայն ծրագիրը ոչ միայն իր մասշտաբայնությամբ է կարևոր, որքան իր առջև դրված նպատակներով: Սա, ըստ էության, մշակութային հաստատությունների կյանքը նույնպես կակտիվացնի»,-ասաց Հարությունյանը:
Երկրորդ ծրագիրն էլ, ըստ Մակունցի, «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագիրն է, որը ներառում է երեք ոլորտ՝ դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն: Մակունցի խոսքով՝ հայտարարել են մրցույթ, և վերահիշյալ ոլորտի ներկայացուցիչները պետք է նախագիծ ներկայացնեն, որը կմեծացնի երեխաների հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ և կզարգացնի քննադատ ու ստեղծագործ միտքը.«Կընտրվեն 50 արվեստի գործիչներ, և յուրաքանչյուրին կտրվի 1 մլն դրամ՝ նախագիծն իրականացնելու համար: Ծրագիրը կիրականացվի Հայաստանի 30 դպրոցում»:
Yerkir.am-ի հարցին, թե ուսումնասիրել են՝ որքանո՞վ են մատչելի մեր մշակութային կենտրոնները և արդյո՞ք հաշմանդամություն ունեցող աշակերտները նույնպես կկարողանան օգտվել ծրագրերից՝ մշակույթի նախարարը պատասխանեց, որ, այո, ոչ բոլոր հաստատություններն են հասանելի հաշմանդամություն ունեցող երեխաների համար.«Այս խնդիրը մեկ օրում հնարավոր չէ լուծել: Մենք կոչ ենք արել բոլոր այն մշակութային հաստատություններին, որոնք վերանորոգման աշխատանքներ պետք է իրականացնեն, հաշվի առնեն այս խնդիրը և հնարավորինս հարմարեցնեն կառույցը: Վերլուծություն արել ենք և այստեղ լուրջ խնդիր ունենք՝ սահմանափակ թվով կառույցներ ունեն նման հնարավորություն»:
ԿԳ նախարարն էլ նշեց, որ մատչելիության խնդիրն առկա է նաև հանրակրթության ոլորտում.«Մենք անցնում ենք համընդհանուր ներառման, բայց արձանագրում ենք, որ դպրոցները, օրինակ, սայլակով տեղաշարժվող երեխաների համար մատչելի չեն: Դրա համար էլ մեր և մշակույթի նախարարության համատեղ ծրագրերը դեռևս պիլոտային բնույթ են կրում, և ընթացքում խնդիրների հետ ծանոթանալով՝ կփորձենք լուծումներ գտնել»: