Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-09-09 12:06
Հասարակություն

ՊՆ-ն փակ հաստատություն է, բայց այսքա՞ն փակ

ՊՆ-ն փակ հաստատություն է, բայց այսքա՞ն փակ

Վերջին ժամանակաշրջանում բանակում տեղի ունեցած և ի հայտ եկած ողբերգական դեպքերը հանգեցրին հասարակություն-բանակ աննախադեպ ճգնաժամի:

«Չենք լռելու»-ն մշակել է բանակի հասարակական վերահսկողության մոդել, որը ներկայացնելու համար հանդիպում էր խնդրել պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հետ:

Իսկ երեկ սենսացիոն բան է պարզվել. պաշտպանության նախարարությունն արդեն երկու տարի է` ունի հասարակական խորհուրդ: Պարզվում է` այն բաղկացած է 12 անձից, ունի գրասենյակ Մոսկովյան փողոցում, ֆինանսական ռեսուրսներ: Հետաքրքիր է` որտե՞ղ են թաքնվում այդ խորհրդի անդամները հասարակություն-բանակ այս աննախադեպ ճգնաժամի օրերին:

Այնպիսի տպավորություն է, որ նրանք ոչ միայն հայտնի չեն, այլև գաղտնի են: Ինչո՞ւ նրանց մասին չկա որևէ տեղեկատվություն թերթերում, լրատվական կայքերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ինչո՞ւ այդ խորհրդի մասին տեղյակ չեն զինվորների ծնողները, որոնք, հարկադրված ընդվզելով ստեղծված իրավիճակի դեմ, որպես վերջին միջոց, խնդրում են «Չենք լռելու»-ին նկարահանել իրենց զավակների հետ կատարված դեպքերը և տեղադրել համացանցում: Ինչպե՞ս կարող է հասարակություն-բանակ կապի համար պատասխանատու օղակը ներկայացված չլինել Facebook-ում, չունենալ սեփական կայքը: Ինչպե՞ս պետք է հասարակ քաղաքացին, YouTube-ի վրա հույսը դնելու փոխարեն, կապվի այդ խորհրդի հետ, եթե դրա հեռախոսահամարը չկա անգամ «Սփյուռ» տեղեկատվական ծառայության բազայում:

«Չենք լռելու»-ն առաջարկում է պաշտպանության նախարարությանը շտապ վերանայել իր հանրային քաղաքականությունը` կենդանացնելով գոյություն ունեցող հասարակական խորհուրդը կամ ստեղծել մեկ այլ միավոր:

Yerkir.am-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք ՊՆ-ն ունի հասարակական խորհուրդ, եւ ինչո՞ւ այն երբեւէ չի «հիշեցրել» իր գոյության մասին, սակայն Դավիթ Հարությունյանն էլ քաղաքում չէր, իսկ տեղեկատուն մեզ տրամադրեց ՊՆ թեժ գժի հեռախոսահամարը, թեժ գծից էլ ասացին, որ իրենք համար չեն տրամադրում: