Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է` երեկ Մարտի 1-ի գործը քննող քննչական խումբը դատարանին է ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:
Ենթադրվում է, որ վարույթն իրականացնող մարմինը Քոչարյանի` ՀՔԾ չներկայանալու դեպքում որոշում էր կայացնելու նրա նկատմամբ հետախուզում հայտարարել:
Ռուբեն Սահակյանն այսօր տեղեկացրեց, որ իրենք երեկ միջնորդել են երկրորդ նախագահի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց, գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել, ինչը, սակայն, դատարանը մերժել է:
«Եթե մարդուն մեղադրում ես, ապա մեղադրիր օրենքի շրջանակներում, եթե մարդուն ուզում ես կալանավորել, նման մտադրություն ունես, և դա հիմնավոր է, ապա բարի եղիր օրենքի տառին համապատասխան կազմակերպել այս գործողությունները»,- հայտարարեց նա:
Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալին կալանավորելու որևէ հիմնավոր կասկած չկար: Ըստ նրա` Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու գործընթացում այնպիսի խախտումներ են եղել, որոնք ինքն իր գործունեության ընթացքում չէր տեսել: Սահակյանի խոսքով` նախաքննական մարմինը Քոչարյանին կալանավորելու հիմքում դրել է անանուն ցուցմունքներ:
«Օրինակ` իքս մարդը դեպքից 10 տարի հետո ցուցմունք է տալիս, որ իրեն ինչ-որ մեկը պատմել է, որ այսինչ ժամանակ կրակոցներ են եղել, սակայն քննիչը չի էլ հարցաքննել` ճշտելու, թե որտեղից է տվյալ մարդն իմացել դա: Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` չբացահայտվող աղբյուրից ստացված տեղեկությունը չի կարող օգտագործվել որպես ապացույց, իսկ նրանք ասում են, որ դրանով հիմնավորվել է, որ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը»,- ասաց նա:
Սահակյանը նշեց, որ դատավորն արտագրել է քննիչի ներկայացրած միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել: «Իրենց բառերով վերարտադրում են քննիչի ասածը և ասում, որ հիմնավոր կասկած կա, որ կխուսափի քննությունից»,- ասաց փաստաբանը:
Ուշագրավ է, որ նախաքննական մարմինը, որպես Քոչարյանին կալանավորելու հիմք, նշել է այն հանգամանքը, որ նա հաճախակի բացակայում է հանրապետությունից և հնարավորություն ունի լքելու երկիրը: «Իսկ մեզնից ո՞վ չունի այդ հնարավորությունը, այդ թվում դատախազը չի՞ կարող մեկնել երկրից: Եթե դա է կասկածը, ուրեմն այնպիսի խափանման միջոց ընտրեք, որ չմեկնի հանրապետությունից»,- նշեց փաստաբանը:
Նա ասաց, որ իր գործունեության ընթացքում շատ գործերի է մասնակցել, բազմաթիվ խախտումներ տեսել, սակայն այնպիսի խախտումներ, որոնք արվել են Քոչարյանին կալանավորելիս, առաջին անգամ է հանդիպել: «Այս աստիճանի իրավաբանական անգրագիտության ես չեմ հանդիպել: Մտավախություն ունեմ, որ մեկ ամիս կամ մեկ տարի հետո, եթե այսպես շարունակվեց, ուրեմն վիճակն ավելի է վատթարանալու: Քննչական ապարատը հանրապետությունում մահացել է, չկա քննչական ապարատ, իրավաբանական տգիտություն, փաստերի խեղաթյուրում, մարդիկ չէին հասկանում, թե ինչ էին անում»,- նշեց Սահակյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա հարցաքննվելու: Ավելի ուշ, երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Երեկ էլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։