կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-28 12:12
Քաղաքական

Սա այն է, ինչ կոչվում է վենդետա. Վիկտոր Սողոմոնյանը` Քոչարյանի կալանավորման մասին

Սա այն է, ինչ կոչվում է վենդետա. Վիկտոր Սողոմոնյանը` Քոչարյանի կալանավորման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է իրականացվում: Այս մասին քիչ առաջ լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Սա այն է, ինչ կոչվում է վենդետա, սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի: Վստահ եմ, որ հասկանում եք, թե ինչու է մեղավոր նշանակվել հենց Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագությամբ տեղի ունեցավ այս գործընթացը, որը, ի դեպ, կապ չունի մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ»,-հայտարարեց նա:

Ըստ Սողոմոնյանի` գործող իշխանությունների հայտարարությունները և նրանց գործողությունները տրամաբանորեն տարբերվում են մեկը մյուսից:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա հարցաքննվելու: Ավելի ուշ, երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երեկ էլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։