կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-26 12:58
Հասարակություն

Ասում են` մեկ նախկին դաշնակցական չի լինում, մեկ էլ` նախկին մարզպետ. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին

Ասում են` մեկ նախկին դաշնակցական չի լինում, մեկ էլ` նախկին մարզպետ. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց կառավարության որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը, ըստ որի` նախատեսվում է բյուջեից գումար հատկացնել Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Վայոց ձորի մարզպետարաններին:

Որոշման ընդունումը պայմանավորված է սուբվենցիաներ ստանալու անհրաժեշտությամբ` համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ողւղված ծրագրերի համաֆինանսավորման անհրաժեշտությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 880 միլիոն դրամ, մրցույթների արդյունքում այն կազմել է 666 միլիոն դրամ: Դրանում պետության համաֆինանսավորման գումարը կազմում է 278 միլիոն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ համայնքներում մինչ այժմ փոշիացվել են պետական միջոցները:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ սուբվենցիաների մեխանիզմը շատ լավն է, և ողջունելի է, երբ պետությունը, մասնավոր հատվածն ու համայնքը միասին համատեղ ծրագրեր են իրականացնում, բայց, օրինակ, համայնքային ենթակայության օբյեկտների վերանորոգման ծրագրում դպրոցների կամ առողջապահական հաստատությունների վերանորոգմանը միջոցներ չեն հատկացնում, քանի որ դրանք համայնքների ենթակայության ներքո չեն գտնվում:Ո ւստի պետք է այնպիսի ծրագիր ներկայացնել, որ այդ հաստատությունները ուշադրությունից դուրս չմնան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Իհարկե, շատ ողջունելի է, որ գյուղատնտեսության նախարարը հոգ է տանում կրթական և առողջապահական օբյեկտների մասին, բայց 10 միլիարդի ֆինանսավորման նպատակը մեկն էր, որ դրանք ներդրվեն ենթակառուցվածքների վրա, որ տնտեսական աշխուժություն մտցվի: Խոսքը վերաբերում է ջրագծերին, ճանապարհներին, գյուղտեխնիկայի ձեռք բերմանը: Ինչ վերաբերում է կրթական ու առողջապահական հաստատությունների խնդիրների լուծմանը, մենք դրա համար մի քանի այլ տարբերակներ ենք քննարկում: Հույս ունենք  ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ գտնել, սակայն եթե իրականությունը մեզ բերի այն վիճակին, որ ենթակառուցվածքների մասով չենք կարողանում ծրագրեր ստանալ, ուրեմն Ձեր գաղափարը նույնպես քննարկելի է»:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց. «Պարո'ն վարչապետ, ասում են` մեկ նախկին դաշնակցական չի լինում, մեկ էլ` նախկին մարզպետ: Ունենք համայնք, որտեղ կա դպրոց ու մանկապարտեզ, համայնքը սուբսիդիայի միջոցներն ուղղում է մանկապարտեզի նորոգմանը, սակայն դպրոցի և ամբուլատորիայի վերանորոգման հարցը չի կարողանում լուծել, քանի որ դրանք համայնքի ենթակայության ներքո չեն: Ուստի պետք է թողնել հնարավորություն, որ մարզպետարանների միջոցով փորձ արվի լուծել այդ հարցը»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծիք հայտնեց, որ այդ խնդիրներին պետք է համակարգված մոտեցում ցուցաբերել, այլ ոչ` տեղային ու հատվածական:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ երբ հրատապ ծրագրերով են փորձել բուժհիմնարկները վերանորոգել, դրանք արվում են արագ ու անորակ, սակայն մեխանիզմ իսկապես պետք է, որ մարզպետարանները կարողանան կապիտալ միջոցներ ներգրավել բյուջեից, քանի որ կապիտալ ծախսերի համար միջոցներ չունեն ո'չ առողջապահության նախարարությունը, ո'չ էլ կրթության նախարարությունը:

Վարչապետը հավելեց, որ կառավարությունը ձգտում է անել այնպես, որ համայնքների բնակիչները  արագ փոփոխություններ տեսնեն ու զգան համայնքներում, սակայն պետք է լուծվի «ծակ կաթսաների» հարցը:

Որոշումն ընդունվեց: