կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 18:10
Քաղաքական

Որտեղի՞ց 5 մլրդ դրամը. կառավարության «պետական գաղտնիքը»

Որտեղի՞ց 5 մլրդ դրամը. կառավարության «պետական գաղտնիքը»

Դեռևս հունիսի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015 թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարել է ձևավորել հանձնաժողով, որը կզբաղվի աշխատավարձերի հաշվարկման ու ճշգրտման հարցերով, և մինչև ս.թ. հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի:

Սակայն աշխատավարձերի վճարման հարցը, կարծես, ձգձգվում է: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը դա բացատրում է նաիրիտցիների աշխատավարձի վերջնահաշվարկների հետ կապված տարաձայնություններով: Ուշագրավ է, որ թե\' վարչապետը եւ թե\' նախարարը այսօր հայտարարել են, որ անհրաժեշտ 5 միլիարդ 310 միլիոն դրամ գումարը կա: Իսկ թե որտեղի՞ց, որեւէ մեկն այդպես էլ չի բացատրում:

Դեռևս հուլիսի 8-ին Yerkir.am-ը հարցում էր ուղարկել կառավարություն՝ հասկանալու, թե արդեն կա՞ այդ գումարը, որքա՞ն է այն կազմում և որտեղի՞ց է այն հայթայթվել կամ գուցե նոր հայթայթվելու: Անցել է հինգ աշխատանքային օր (ինչպես պահանջում է օրենքը) եւ ավելի, բայց կառավարությունից որեւէ արձագանք չկա: Ակնհայտ է, որ խուսափում են պատասխանել այս պարզ հարցին: Ինչեւէ, կսպասենք եւս մի քանի օր...