կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-06 16:18
Իրավական

ՊՆ զորամասից հափշտակվել են ավտոպահեստամասեր. կատարվել են մի շարք խուզարկություններ

ՊՆ զորամասից հափշտակվել են ավտոպահեստամասեր. կատարվել են մի շարք խուզարկություններ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական գործողություններ ձեռնարկվել՝ ՊՆ զորամասում պահեստամասերի հափշտակության բոլոր հանգամանքները պարզելու համար. մեղադրանք է առաջադրվել զորամասի ավտոծառայության պետին:

2018թ. հունիսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՊՆ զորամասում խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, և կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զորամասի ավտոծառայության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, զինտեխնիկայի՝ շահագործման ենթակա ավտոպահեստամասերը զորամասի պահեստ մուտք անելու և հետագայում դրանք ՀՀ ՊՆ զինտեխնիկայի համապատասխան ավտոպահեստամասերով փոխարինելու փոխարեն, դրանց վերաբերյալ կազմել է խոտանման ակտեր՝ որպես ջարդոն հանձնելու վերաբերյալ, ինչից հետո ավտոպահեստամասերը վաճառել է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա զորամասի ավտոծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության և ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, այդ թվում՝ մեղադրյալի և զորամասի մի քանի այլ պատասխանատու անձանց բնակության վայրերում և զորամասում գտնվող նրանց աշխատասենյակներում, ավտոպահեստամասերի առքուվաճառքով զբաղվող այն անձի հաշվառման և փաստացի բնակության վայրում և դրան օժանդակ կառույցներում, ում, ըստ քրեական գործի տվյալների, վաճառվել են զորամասի ավտոպահեստամասերը։

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի ավտոմեքենաների պահեստամասեր՝ շարժիչ, փոխանցման տուփ, դրանց առանձին դետալներ, ընթացքային օգտագործման մի շարք այլ պահեստամասեր, ինչպես նաև՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Նախաքննությունը շարունակվում է, պարզվում է առգրավված ավտոպահեստամասերի ձեռք բերման աղբյուրը, հստակեցվում կատարված հափշտակությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը։