կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-02 13:40
Հասարակություն

Հանելուկ. Զորի Բալայանի տղան միաժամանակ ծառայել է բանակում, կոչում ստացել, սովորել ու երկրից բացակայել

Հանելուկ. Զորի Բալայանի տղան միաժամանակ ծառայել է բանակում, կոչում ստացել, սովորել ու երկրից բացակայել

Արդեն երկու տարի է՝ «Երևան» բժշկական կենտրոնի /6-րդ հիվանդանոց/ դռները փակ են: Հիվանդանոցի գույքն ու բժշկական սարքավորումները տեղում են, թեև չեն ծառայում իրենց նպատակին: Հիվանդանոցը երկու բաժնետեր է ունեցել՝ Զորի Բալայանի որդին` Հայկ Բալայանը, ու վիրաբույժ Տարոն Տոնոյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպեց վերոհիշյալ բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Տարոն Տոնոյանը՝ սենսացիոն բացահայտումներ ներկայացնելով:  

Տոնոյանը նշեց, որ որոշել է հարցին ևս մեկ անգամ անդրադառնալ, քանի որ այժմ հանրապետությունում արդարության վերականգման պրոցեսներ են ընթանում, և հիվանդանոցի վերաբացման հարցը կրկին բարձրացնելով՝ ուզում է իր նպաստը բերել արդարության վերականգնման գործին:

Տոնոյանը ներկայացրեց հիվանդանոցի փակման պատմության վերաբերյալ նոր մանրամասներ: Նա հիշեցրեց, որ 2016-ին, երբ փակում էին հիվանդանոցը, ինքը հայտարարել էր. «Գնում է գործընթաց. Զորի Բալայանը ցանկանում է ինձնից խլել հիվանդանոցը, ինձ ուղղակի քցում են»:

Տոնոյանը նշեց, որ հետ չի կանգնում իր խոսքերից: Ըստ նրա` իր և Զորի Բալայանի միջև կոնֆլիկտը սկսվել է դեռևս 2014-ից, երբ նրա և նրա որդու՝ Հայկ Բալայանի /ով հիվանդանոցում աշխատել է նախ որպես վիրաբույժ, հետո արդեն դարձել վիրաբուժական բաժանմունքի վարիչ/ առաջարկով բազմաթիվ կադրային փոփոխություններ է արել, սակայն հասկացել է, որ դա բավարար չէ նրանց: «Վերջում նրանք  ինձ անկեղծ ասացին, որ պետք է գնամ այնտեղից: Ես, իհարկե, ընդդիմացա: Ինձ գումար առաջարկեցին, ես դրա եռակին առաջարկեցի, որ իրենք գնան: 2015-ի մարտին ինձ հրավիրեցին Բաղրամյան 26: Անկեղծ ասած՝ ես գիտեի, թե ինչու են ինձ այնտեղ կանչել, բայց երբ հարցրին, թե գիտե՞ս՝ ինչու ես հիմա այստեղ, հասկացնելու համար, թե ինչ անկնկալիք ունեմ Բաղրամյան 26-ից, ասացի՝ Պռոշյանի մեր սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հետ կապված: Չնայած ի սկզբանե հայտարարվեց, որ բարեկամական դաշտում ենք խոսելու, սակայն տեղի ունեցավ բավականին կոշտ, փողոցային խոսակցություն»,-պատմեց Տոնոյանը՝ հավելելով, որ իրեն առաջարկել են գումար վերցնել ու դուրս գալ հիվանդանոցից:

Նրա խոսքով՝ իր դիտարկմանը, թե ինքն էլ եռակի անգամ ավելին է առաջարկում, որ Բալայանը դուրս գա հիվանդանոցից, նախագահականում ասել էին, որ այդ հարցը չի քննարկվում: «Ես էլ ասացի՝ այդ դեպքում իմ դուրս գալն էլ չի քննարկվում: Նրանց թվում էր՝ ես չէի հասկանում, թե ինչ ասել է` պետական միջամտություն, դրա համար էլ օրինակներ բերեցին՝ ասելով՝ տեսա՞ր, թե ինչ բերեցինք Ծառուկյան Գագոյի գլխին, դու ինչպե՞ս կարող ես մեզ ընդդիմանալ: Ես էլ ի պատասխան ասացի, որ, հավանաբար, այնքան վստահ են եղել իրենց վրա, որ իմ կենսագրությունն անգամ չեն կարդացել: Մի խոսքով՝ ես այդպես էլ չհամաձայնեցի՝ ասելով, որ պատրաստ եմ ամեն ինչ կորցնել, բայց իմ կենսագրությունն ու ես չպետք է հիմարի կարգավիճակում հայտնվենք»,- ասաց Տոնոյանը:

Նա նշեց, որ արդարություն պաշտպանելը համարել է իր՝ Արցախում երկիր պաշտպանելու շարունակությունը: Նշենք, որ Տոնոյանն Արցախյան ազատամարտի մասնակից է, ռազմադաշտային հոսպիտալի պետ է եղել: Տոնոյանի խոսքով՝ ինքը համարել է, որ եթե հիվանդանոցի հարցում դիրքերը զիջի, ուրեմն հայրենիքի դիրքերն է զիջում:

Նա ներկայացրեց նաև, որ դրան հաջորդել է արդեն հարկայինի այցը հիվանդանոց` ակտեր, դատական հայցեր: «Ցավոք, Զորի Բալայանն իրականությունից կտրված է ու չի հասկանում, որ հարկավոր է նստել ու հարցին լուծում տալ: Նրանք դեռևս ակնկալիք ունեն, որ քննչական մարմինների միջոցով կհասնեն ինչ-որ բանի: Ավելին՝ ճնշումներ են եղել, որպեսզի մեղադրանք առաջադրվի իմ դեմ, սակայն դա նրանց չի հաջողվել: Ի դեպ, այս պահին հիվանդանոցի հետ կապված 5-ից ավելի գործ է դատարաններում ընթանում: Քննչական մարմիններին խնդրում եմ, որ վերջ դրվի այս ամենին, քանի որ տարիներ է՝ քննվում են գործեր, որոնց վերջը չի երևում: Ուզում եմ՝ այս ամենին վերջ դրվի, ու Զորի Բալայանի հետ նստենք, բանակցենք հիվանդանոցի ճակատագրի վերաբերյալ»,- ասաց Տոնոյանը:

Բժշկի խոսքով՝ ինքը բազմաթիվ ներդրումներ է կատարել հիվանդանոցում, իսկ Բալայանը մեկ ներդրում է կատարել՝ «Էրեբունի» բուժկենտրոնից բերվել են սարքավորումներ, որոնք իրենց հաշվեկշռին «չեն նստել»: Նա «Էրեբունի» բուժկենտրոնին կոչ արեց իրենց գույքը հետ վերցնել, քանի որ այն փաստացի չի օգտագործվում ու ուղղակի գտնվում է «Լեբեն» ՍՊԸ-ում:

Տոնոյանը մեկ ուշագրավ փաստ էլ ներկայացրեց՝ ասելով, որ, ճիշտ է, երբեք դիմացինին վնաս տալուց հաճույք չի ստացել, բայց չի կարող լռել մեկ հարցի վերաբերյալ, որը կարող է բազմաթիվ մարդկանց ճակատագրեր խեղել ու նրանց առողջության վրա անդրադառնալ: «Ըստ պաշտպանության նախարարի՝ իմ գրած դիմումին պատասխանի՝ Զորի Բալայանի տղան՝ Հայկ Բալայանը, զորակոչվել է հայկական բանակ 1995-ին և մինչև 1997-ը ծառայել, սակայն ԿԳ նախարարի կողմից տված տեղեկանքի համաձայն՝ նա այդ տարիներին անընդմեջ սովորել է: 1994-ին նա ընդունվել է Էրեբունու բժշկական ինստիտուտ, 1998-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության, Զորի Բալայանը հնարավորություն է ունեցել իր տղային տեղափոխելու բժշկական համալսարան: Սակայն ուշարժանն այն է, որ նա ստացել է լեյտենանտի կոչում՝ առանց զինվորական գործ անցնելու, քանի որ այդ բուհում զինվորական ամբիոն չկա»,- ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով՝ Հայկ Բալայանն արտոնյալ պայմաններում է ծառայել՝ ծառայությունն անցկացրել է կենտրոնական զինվորական հոսպիտալում՝ գիշերակացը տանն անցկացնելով: Բացի այդ, ըստ Տոնոյանի, ինստիտուտն իրեն ներկայացրել է մի ուշագրավ փաստաթուղթ ևս՝ Բալայանը 2 շաբաթով բացակայել է ինստիտուտից՝ իր առողջությունը վերականգնելու համար գնացել Մոսկվա, ինչը նույնպես համընկնում է նրա ծառայության ժամկետին: «Հայկ Բալայանն այժմ դասավանդում է Հերացու անվան բժշկական համալսարանում, գիտությունների թեկնածու է, պատրաստվում է դառնալ դոկտոր, պրոֆեսոր: Իսկ ինստիտուտի կողմից մեզ տրամադրված փաստաթղթերի մեջ նա, օրինակ. «Անատոմիա» առարկայից 3 է ստացել, կան նաև 2-ներ: Սակայն, երբ նա 1998-ին պետք է տեղափոխվեր մայր բուհ, հանկարծ նրա գնահատականները դառնում են լավ ու գերազանց»,- ասաց Տոնոյանը:

Նա նշեց, որ առողջապահության, կրթության նախարարները սա կարող են որպես հաղորդում ընդունել և Հայկ Բալայանի, օրինակ, դիպլոմ ունենալու օրինաչափությունը քննարկելի: Տոնոյանը դիմեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ հույս ունի՝ խնդիրն արդարացի լուծում կստանա, ու հիվանդանոցը կրկին իր դռները կբացի այցելուների առջև:

Ի դեպ, Տոնոյանն այսօր «Սեբաստիա» բուժկենտրոնի տնօրենն է, այնտեղ է աշխատում նաև փակված՝ «Երևան» բուժկենտրոնի շուրջ 60 աշխատակից: