Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արևելյան շրջաններում քուրդ զինյալներն իսկական պարտիզանական պատերազմ են սանձազերծել թուրքական ոստիկանության դեմ: Սա Անկարայի` հունիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաջող ռազմական գործողություններ իրականացնող քրդական ուժերի դիրքերին, ճամբարներին օդային հարվածներ հասցնելու արկածախնդիր որոշման հետևանքն էր, որով հույս ուներ մի հարվածով լուծել թե\' քրդական գործոնի զգալի թուլացման և թե\' Սիրիա ռազմական կոնտինգենտ մտցնելու հարցերը:
Թուրքական զինուժն արդեն ներխուժել է Իրաք` դրա հյուսիսային շրջաններում գործող քրդական զինված խմբավորումներին ոչնչացնելու դիտավորությամբ: Բայց փոխարենը Անկարան ստացել է քրդերի հետ պատերազմ սեփական տարածքի արևելյան կամ հայկական շրջաններում, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով թե\' Թուրքիայի, թե\' թուրքաբնակ քրդական տարրի և թե\', առհասարակ, տարածաշրջանի ու Հայաստանի համար:
Այդ տարածքներում քուրդ «պարտիզանների» գործողությունները Մերձավոր Արևելքում սկսված պատերազմը աներևակայելիորեն մոտեցրել են Հայաստանի արևմտյան սահմաններին: Դա Հայաստանում շոշափելիորեն զգացվեց երեկ, երբ Իգդիրում` Նախիջևան տանող ճանապարհին, Հայաստան-Թուրքիա ներկայիս պետական սահմանի անմիջական հարևանությամբ քրդերը պայթեցրին ոստիկաններ տեղափոխող ավտոբուսը: Դատելով այն իրողությունից, որ Անկարան թեժացող քրդական կրակը մարելու փոխարեն, թերևս սովորույթի ուժով, նախապատվությունը տվել է ծավալվող ապստամբությունն արյան մեջ խեղդելու մարտավարությանը, նման դեպքերն առաջիկայում կարող են կրկնվել:
Թվում է, թե նույնիսկ այդ դեպքում դա Հայաստանին որևէ կերպ չի առնչվելու: Մինչդեռ` Հայաստանն արդեն այդ իրադարձությունների մասնակից է, ճիշտ է` առայժմ միայն բեմահարթակ դուրս չեկած դերակատարի կարգավիճակով:
Թուրք-քրդական բախումները կարող են ունենալ երեք հնարավոր հանգուցալուծում: Առաջինն այն է, որ Անկարայի կողմից քրդական զինված խմբավորումների դեմ սանձազերծված ռազմական ավանտյուրան հանգեցնում է առհասարակ քրդական էթնոսից ձերբազատվելու, քրդական հարցն այս կերպ վերջնականապես լուծելու մտահանգման` օգտվելով Մերձավոր Արևելքում հաստատված քաոսային իրավիճակից: Մոտավորապես այնպես, ինչպես լուծվեց հայկական հարցը 20-րդ դարասկզբին: Նման քաղաքականության հետևանքներից մեկը լինելու է Թուրքիայից տասնյակհազարավոր քրդերի ինքնակամ տեղահանությունը: Եվ չի բացառվում, որ այդ պոտենցիալ փախստականների զգալի մասը թուրք-քրդական բախումներից և թուրքական բանակի հաշվեհարդարից խուսափելու լավագույն միջոցը համարի պարզապես Արաքս գետն անցնելն ու Հայաստանում ժամանակավոր ապաստան գտնելը: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը նրանց առջև կփակի իր սահմաները, իսկ ռուս սահմանապահները կրակ կբացեն սահմանն անցնելու փորձ կատարող անզեն և տառապյալ փախստականների վրա:
Երևանը միանգամայն լուրջ է վերաբերվում նման հեռանկարին: Դա անուղղակիորեն արտահայտվեց օրեր առաջ ավարտված` «Շանթ-2015» զորավարժությունների ժամանակ, երբ խաղարկվեց այն սցենարը, թե Հայաստանում տեղակայվել են մտացածին ներգաղթյալներ, որոնց համար Երևանի Նուբարաշենի վարչական շրջանում վրանային ճամբար էր բացվել: Առաջին հայացքից առնվազն տարօրինակ կարող էր թվալ, թե ինչո՞ւ է Հայաստանի արևելյան սահմանների հանդեպ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի ավելի մեծ հավանականության պարագայում ճամբար բացվում երկրի արևմտյան սահմանի մոտ, այն էլ` ոչ թե ներքին տեղահանվածների, այլ հենց ներգաղթյալների համար: Թե այսպիսի զարգացումը տնտեսական և սոցիալական ինչպիսի ծանրագույն բեռ կարող է դառնալ Հայաստանի համար, թերևս չարժե անգամ քննարկել: Էլ չենք խոսում այն մասին, որ ցանկացած պահի Թուրքիան կարող է Հայաստանին մեղադրել փախստականի անվան տակ ծպտված քուրդ ահաբեկիչների ընդունելու, գուցե նույնիսկ` հովանավորելու մեջ:
Երկրորդ տարբերակը, որն ավելի հավանական է և կարող է զուգահեռվել առաջինի հետ, թուրք–քրդական բախումների անորոշ ժամանակով երկարաձգումն է Հայաստանի սահմանների երկայնքով: Սա վտանգավոր է երկու պատճառով: Նախ` քրդական զինված ուժերը կարող են շահագրգռվածություն ցուցաբերել, Թուրքիայի դեմ երկրորդ ճակատ բացելու նկատառումով, Հայաստանին ներքաշել այդ բախումների մեջ` օգտագործելով այդ տարածքների նկատմամբ հայության ակնկալիքները: Դրան ուղղված փորձերը կարող են լինել հենց հայ-թուրքական սահմանին, գուցե նաև` սահմանի այս կողմից որոշակի սադրիչ, դիվերսիոն գործողությունների կատարմամբ: Թեև սահմանագծի անվտանգության` ռուսական սահմանապահ ուժերի պատասխանատվության տակ լինելու հանգամանքը նվազեցնում է նման մտադրությունների իրագործման հնարավորությունը, սակայն ոչինչ բացառել հնարավոր չէ: Մյուս կողմից` որքան երկար ձգվեն այդ մարտերը, որքան քրդերը շատ արյուն թափեն այդ տարածքներում, այնքան դժվար է լինելու այդ հողերի նկատմամբ իրավունքները վիճարկել նրանց հետ` Թուրքիայի համար ամենավատ սցենարի` երկրի տրոհման և Թուրքիայի արևելյան շրջաններում քրդական պետականության կամ ինքնավարության հաստատման անխուսափելիության պարագայում: Հայաստանի կողմից որևէ օգնության բացակայությունն ավելի ու ավելի է օտարելու քրդերին և կարծրացնելու նրանց դիրքորոշումն այդ հողերի իրական ժառանգորդին` հայ ժողովրդին որևէ տարածք հանձնելու հարցում:
Երրորդ տարբերակն այն է, որ թուրքական իշխանությունը, մարդկային և նյութական կորուստներ կրելու, երկիրը քաղաքացիական պատերազմի ճիրանները ներտելու պատճառով հանդիպելով իր իսկ հասարակության ուժեղ դիմադրությանը, վերադառնում է քրդերի հետ կրկին զինադադար հաստատելու նախկին դիրքերին: Առայժմ Անկարան դեռ չի անցել այն Ռուբիկոնը, որի պարագայում հետդարձի կամուրջներն այլևս այրված են: Բայց հրադադարին վերադառնալն արդեն նշանակելու է, որ Թուրքիան տակտիկական պարտություն է կրել, ինչն անխուսափելիորեն ամրապնդելու է քրդերի դիրքերը և նվազեցնելու է Թուրքիայի կենտրոնական իշխանությունների ազդեցությունը քրդաբնակ արևելքի նկատմամբ:
Թե այս տարբերակներից ո՞րը կաշխատի, դժվար է ասել: Սակայն փաստ է, որ Հայաստանի քթի տակ ստեղծվում է մի նոր իրականություն, որից Երևանն անմասն մնալ չի կարող, և որն առաջադրում է թե\' ազգային անվտանգության հայեցակարգի և թե\' ռեգիոնալ արտաքին քաղաքականության վերանայման հրամայական:
Գևորգ Դարբինյան