Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ գյուղմթերք վաճառող ԱՁ-ներին ԱԱՀ դաշտ տեղափոխելու որոշմանը և դրա արդյունքում գյուղմթերքի ու մսամթերքի գների բարձրացման հավանականությանը:
ՊԵԿ նախագահը նախ նշեց, որ ՊԵԿ-ը գնագոյացման, գների զսպման հետ կապված գործառույթներ չի իրականացնում: Նա նույնպես լսել է գնաճի վերաբերյալ գնահատականներ, քանի որ եթե առաջ կառավարության հետ պայմանավորվածություններ են եղել` հարկերը թաքցնելու, դրա փոխարեն գյուղմթերքի գնաճը զսպելու նպատակով, հիմա այդ պայմանավորվածությունները չեղարկվում են, ուրեմն կլինի գների աճ:
«Մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, ինչը նշանակում է, որ գյուղմթերքը և մսամթերքը, անցնելով ԱԱՀ դաշտ, պետք է վճարվեն բոլոր հարկերը` ամբողջ ծավալով: Եվ եթե այդ հարկերի վճարման շրջանակներում 50-60 տոկոս գնաճ կլինի, ուրեմն դրանք շուկայական հարաբերություններին ենք վերագրում: Դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի մրցունակ կլինեն շրջանառության հարկի ներքո գործելու դեպքում»,- ասաց Դավիթ Անանյանը:
Նա լրագրողների ուշադրությունը բևեռեց մի կարևոր հանգամանքի վրա` ժամանակին սուպերմարկետները մտածել են, որ պետք է մրցակցեն իրենց հարևանությամբ գործող փոքր ու միջին ձեռնարկությունների հետ` արհամարհելով մասշտաբի էֆեկտը: ՊԵԿ նախագահի համոզոմամբ` այդպես չպետք է լինի:
«Մենք` որպես ՊԵԿ, մտածում ենք, որ եթե գները բարձրանան, մենք ուսումնասիրություններ կանենք` համոզվելու համար, արդարացված ու արժանահավա՞տ է գների բարձրացումը, թե՞ ոչ: Եթե մենք աշխատում ենք բացառապես օրենքի շրջանակներում, և դա կառաջացնի խնդիրներ, չի նպաստի տնտեսության զարգացմանը, կխթանի աշխատողներին չգրանցելու արատավոր պրակտիկան, ապա օրենքը վերանայելու անհրաժեշտություն կառաջանա: ՊԵԿ-ը կհամագործակցի ֆինանսների նախարարության հետ` օրենսդրական փոփոխություններ ներկայացնելու համար: Սակայն, քանի դեռ օրենքը գործում է, լավն է այն, թե` վատը, պետք է գործենք այդ օրենքի շրջւանակներում»,- ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահի համոզմունքն է, որ հարկ վճարողները պետք է գործեն օրենսդրական դաշտում ամբողջ ծավալով, նրանց հետ այլևս չեն կարող լինել ստվերային բանակցություններ: Նախկինում համաձայնություններ են եղել ՊԵԿ-ի ու որոշ գործարարների միջև, և այդ համաձայնությունները հավանության են արժանացել ավելի բարձր շրջանակներում` մինչև վարչապետ:
«Ես չեմ կարող գործարարի կամ ՊԵԿ պաշտոնյայի անուն հնչեցնել, որովհետև համակարգն է համաձայնության եկել այդ մարդկանց հետ: Բայց եթե համաձայնությունները եղել են ապօրինի երկու կողմերի համար էլ, ապա, այո, պետք է պատժվեն երկու կողմերն էլ: Միաժամանակ չեմ կասկածում ՀՀԿ-ի ազնվությանը, որ այդ քայլին գնացել են գյուղմթերքի գների աճը զսպելու և գյուղացիների դժգոհությունը մեղմելու համար, բայց ես հիմա դավանում եմ այլ արժեքներ ու սկզբունքներ` լինելով ՊԵԿ նախագահ: Նույնիսկ այն, ինչ կատարվել է ազնիվ մղումներով, ինձ համար ընդունելի չէ, որովհետև դա չի բխում օրենքից»,- ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահը պնդում է` հարկային օրենսգիրքը պետք է կիրառվի Ավետարանի սկզբունքով` լավն է այն, թե` ոչ, և եթե կիրառման արդյունքում պարզ դառնա, որ օրենսգիրքը փոփոխման կարիք ունի, ապա այդ փոփոխությունները պետք է նախ ներկայացնեն հանրային լայն քննարկման և հավանության, դա է ՊԵԿ-ի տեսլականը:
Հարցին, թե արդյո՞ք այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում գյուղոլորտը կարող է մտնել հարկային դաշտ, ՊԵԿ նախագահը նշեց, որ լուծումները կգտնվեն կրկին հանրային քննարկումների արդյունքում, ֆիննախի հետ քննարկումների արդյունքում:
«Եթե պարզ դառնա, որ գների բարձրացումը պայմանավորված է շուկայական հարաբերությունների թելադրանքով, ուրեմն պետք է ֆիքսել, որ նախկինում գների աճի զսպումը կատարվել է թաքցրած հարկերի հաշվին, և հանրությունը պետք է գիտակցի, որ ինքը էժան ապրանքը գնել է պետությանը հարկեր չվճարելու հաշվին: Ուստի դժգոհությունը պետք է լինի ոչ թե ՊԵԿ-ից, այլ հարկային համակարգից, օրենսդրությունից»,- ասաց Անանյանը: