Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս նախ համաձայնեց նրա այն կարծիքի հետ, որ պարտավորված ենք ստեղծված իրավիճակից փնտրել այնպիսի ելքեր, որոնք հանրության շրջանում կարթնացնեն հույս վաղվա օրվա նկատմամբ:
«Ակնհայտ է, որ բոլոր խոստումների իրականացման գործիքը կառավարությունն է: Միաժամանակ ակնհայտ է՝ իշխանությունը ոչ թե վերացական գործընթաց է, այլ պերսոնիֆիկացված, այսինքն՝ կա պաշտոնյա, որն ունի իր ընկալումները, որը փորձում է իր որոշումների միջոցով իրականացնել»,- ասաց Հարությունյանը:
Վարչապետի թեկնածուին նա հետևյալ հարցն ուղղեց. «Ձեր` վարչապետ դառնալու պարագայում ովքե՞ր են լինելու Ձեր կառավարության կազմում: Ո՞վ է լինելու առաջին փոխվարչապետը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ֆինանսների նախարարը: Սա զուտ հռետորական հարցադրում չէ: Կախված նրանից՝ ովքեր կլինեն Ձեր կառավարության կազմում, Ձեր խոստումները կարող են իրականանալ կամ չիրականանալ: Հանրությունը, որ ակնհայտորեն սատարում է Ձեզ, իրավուքն ունի պատկերացնելու ուրվագիծն այն կառավարության, որը կարող է հույս ներշնչել, որ այս ամբողջ պոզիտիվ կապիտալը կվերածվի քաղաքական կապիտալի»:
Փաշինյանը նախ նշեց, որ հատկապես միջազգային մամուլում հանդիպում է տեղի ունեցածի բարձր գնահատականի և համարում, որ դա ոչ թե այս քաղաքական գործընթացում ներգրավված որևէ կողմի, այլ բոլորի արժանիքն է: «Ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ, լինելով լարվածության ամենաբարձր աստիճանի վրա, կարողացել ենք չկորցնել ինքնատիրապետումը և պատասխանատվության զգացումը: Դա խոսում է մեր ազգային հավաքական առավելությունների մասին»:
Փաշինյանի կարծիքով՝ որոշումների հարցում սուբյեկտիվ գործոն կա: «Որոշումները պետք է լինեն առավելագույնս քննարկված և ինստիտուցիոնալ: Պետության կայացվածության մակարդակը որոշվում է նրանով, թե ինչքանով են ազդում որոշումների կայացման վրա պաշտոնյաների սուբյեկտիվ ընկալումները, և թե ինչքանով են դրանք հակակշռված: Չեմ ասում՝ մարդը սխալական է, ինստիտուտը՝ ոչ սխալական, բայց կարծում եմ՝ ինստիտուտի սխալվելու հավանականությունն ավելի փոքր է»,- ասաց նա:
Վարչապետի թեկնածուի կարծիքով՝ նոր կառավարության ձևավորումը պետք է լինի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք: «Առաջին խնդիրը, որ պետք է լուծվի, պետք է արձանագրվի այն հենարանը, այն շրջանակը, որը դառնում է վարչապետի ընտրության իրականացնողը, և կառավարության կազմը պետք է ձևավորվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում: Մեր նպատակը համերաշխության մթնոլորտի հաստատումն է: Մեր նպատակը չէ ստեղծել իրավիճակ, որ հանրության մի մասը արձանագրի, որ հաղթել է, իսկ մյուսը՝ պարտվել: Պետք է ստեղծել իրավիճակ, որտեղ հնարավոր կլինի խաղաղ պայմաններում աշխատել: Կառավարության ապագա կազմը կձևավորվի կախված նրանից, թե վաղվա քվեարկությունն ինչպիսի քաղաքական պատկեր ցույց կտա: Չեմ ուզում անել հավակնոտ հայտարարություններ, բայց մեր ձգտումը պետք է լինի համաձայնության կառավարություն ձևավորելը»,- ասաց Փաշինյանը: