Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծառուկյան» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել` ինչպես է քվեարկելու ՀՀԿ-ի վարչապետի ընտրության ժամանակ: Yerkir.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ դեռ որոշում չկա պետք է լինի խմբակցության նիստ` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որի ժամանակ կքննարկվեն քվեարկության հետ կապված հարցերը:
«Երբ կլինի վերջնական դիրքորոշում, կտեղեկացնենք: Նիստը նախատեսվում է գումարել առաջիկա 1-2 օրվա ընթացքում»,- հայտնեց նա:
Մեր դիտարկմանը` խմբակցության պատգամավորներն իրենց հարցազրույցներում հայտարարում են, որ եթե կողմ քվեարկեն ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, կնշանակի` ընդդիմություն չեն, և հարցին` նման պատասխանատու հայտարարությունը չի՞ նշանակում, որ, այդուհանդերձ, սկզբնական դիրքորոշում կա` դեմ քվեարկելու, Տոնոյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր պատգամավոր, բնականաբար, իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, մանավանդ` նման կարևոր քաղաքական գործընթացի հետ կապված: Ինչ վերաբերում է պաշտոնական դիրքորոշմանը, ապա դա կլինի խմբակցության նիստից հետո, որը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը»:
Նա նշեց, որ այնպես չէ, որ Ծառուկյանի խոսքից է կախված խմբակցության որոշումը: «Մեր կուսակցությունում ներքին ժողովրդավարության կրիզիս չկա: Լինելու է քննարկում, նիստը նախագահելու է Գագիկ Ծառուկյանը, կհնչեն տեսակետներ, և կլինի միասնական դիրքորոշում»,- ասաց Տոնոյանը:
Պատգամավորից հետաքրքրվեցինք` իր անձնական տեսակետը ո՞րն է, եթե կողմ քվեարկեն ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին, կստացվի` ընդդիմադիր չե՞ն, նա արձագանքեց. «Քանի որ ես մեծ և լուրջ քաղաքական թիմի անդամ եմ, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը, ես բացառապես պաշտոնական տեղեկատվություն ձեզ կտրամադրեմ այն ժամանակ, երբ այն կլինի»: