կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-14 12:55
Քաղաքական

Ծառուկյանի դեմ պայքարելու փոխարեն, լավ կլինի Ա. Թորոսյանը իր անմիջական գործառույթներով զբաղվի. Ի. Տոնոյան

Ծառուկյանի դեմ պայքարելու փոխարեն, լավ կլինի Ա. Թորոսյանը իր անմիջական գործառույթներով զբաղվի. Ի. Տոնոյան

«Այս ամենը վատ բեմադրված տրագիկոմեդիա է հիշեցնում: Ես ցավ եմ ապրում, որ մեր երկրի առողջապահության նախարարը ուրիշ ավելի կարևոր գործ չունի, քան ասենք ֆոտոշոփով սարքած ինչ-որ թղթի հրապարակումը»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Վերջինս նշեց, որ հիշատակված Վազգեն Պողոսյան անունով անձը 20415-ից այլևս ԲՀԿ կուսակցության անդամ չէ, 2012թ-ին է մեծամասնական ընտրակարգով առաջադրված եղել, և նրա բնակարանում խուզարկության արդյունքում են ինչ-որ ուղթ գտել, որի վրա թվեր են գրված:

«Որևէ ստորագրություն, կնիք, պարոն Ծառուկյանի հետ կապ ունեցող որևէ բան չկա»,-ասաց Իվետա Տոնոյանը: Նա նշեց նաև, որ ծանոթ չէ ԱԱԾ հայտարարությանը, կծանոթանա, հետո նոր կմեկնաբանի:

Իվետա Տոնոյանը տեղյակ չէր, թե արդյո՞ք ԲՀԿ առաջնորդի տնից ինչ-որ բան տարել են թե՞ ոչ, սակայն ասաց, որ իրենց Գեղարքունիքի կառույցի ներկայացուցչի երեխայի հեռախոսն են առգրավել:

«Կրկնում եմ, ես ԱԱԾ հայտարարությանը ծանոթ չեմ, և կներեք, «Հայկական ժամանակի» հրապարակումները, որ հղում են անում իրենց տեղեկություններին…Ես իհարկե, հասկանում եմ, որ «Հայկական ժամանակը» վաղուց դարձել է իրենց պաշտոնական խոսափողը, բայց ինձ համար իրենց հրապարակումը պաշտոնական հաղորդագրությու չէ: Մենք հիմա երկու տարբեր բաների մասին ենք խոսում»,-նշեց Իվետա Տոնոյանը:

Պատգամավորը տարակուսեց, որ իրավապահների այս խուզարկության համար հիմք է հանդիսացել իրենց հայտնաբերած փաստաթղթի վրա գրված «Գագիկ Ծառուկյանի» հանձնարարությամբ» արտահայտությունը:

«Ես էլ ասացի՝ կարող են գրել Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Արման Աբովյանը սպանել է Քենեդուն, օրինակ… Դե թող ԱՄՆ համապատասխան մարմինները գան Արման Աբովյանի բնակարանը խուզարկեն կամ ձերբակալեն»,-ասաց ԲՀԿ խոսնակը:

Վերջում Իվետա Տոնոյանը մեկ անգամ էլ անդրադարձավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով, պատգամավորի խոսքով, իր բանու գործը թողած, առավոտ կանուխ սկսում է այդ փաստաթղթերը հրապարակել:

«Լավ կլիներ, որ առողջապահության նախարարն իր անմիջական գործառույթներով զբաղվեր, ու կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի փոխարեն Գագիկ Ծառուկյանի կամ ընդդիմության դձեմ պայքարելով չզբաղվեր, որովհետև բոլոր մահերի համար իրենք են պատասխան տալու»,-եզրափակեց Իվետա Տոնոյանը:

Նշենք որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել և կից գրել է. 

«Հետաքրքիր է ինչ կասեն մեր հայրենակիցները սոցիալական մեդիայում հայտնված այս «փաստաթղթի» մասին: Արդյո՞ք այսպես չեն տարիներով կեղծվել ընտրությունները և «գնվել» մեր հայրենակիցների ձայները:

Օրինականության հաստատումը քաղաքական հետապնդում կոչողներն էլ հավանաբար ինքնապաշտպանության համար են դա անում: Միգուցե՞ կան նման փաստաթղթեր, որտեղ կան նաև իրենց անունները:

Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը և բոլոր, անխտիր բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»: