Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գնդակին հակառակ». Նոր արվեստանոցում ֆոտոցուցահանդես է՝ նվիրված ապրիլյան պատերազմին մասնակից, բայց հասարակությանը քիչ հայտնի դեմքերին:
Լուսանկարիչ Եսայի Դուրմուզյանն ապրիլյան պատերազմին մասնակից 16 տղաների դիմանկարներն է ներկայացրել` 16 սև-սպիտակ լուսանկարներ, 16՝ դրական էներգիա փոխանցող դեմքեր:
Լուսանկարիչը Yerkir.am-ի հետ զրույցում ասում է՝ ապրիլյան պատերազմի օրերին, դրան հաջորդած մի քանի ամիսներին համախմբված էինք, իսկ պատերազմին մասնակից տղաների հանդեպ՝ ուշադիր, սակայն այսօր, կարծես, այդ կայծը մարել է: «Միշտ դժվար պահերին ենք համախմբվում, բայց, ցավոք, դա երկար չի տևում: Այս անգամ էլ ոգևորությունը շատ շուտ մարեց: Ապրիլյան պատերազմից հետո կամաց-կամաց տղաները, կարծես, ստվերում մնացին: Մարդկանց անտարբերությունը ստիպեց կրկին անդրադառնալ այդ թեմային: Հիմա պատերազմին մասնակից տղաներից մի քանիսն առողջական խնդիրներ ունեն: Ուզում եմ՝ որքան հնարավոր է ու ինչպես հնարավոր է` այդ տղաների կողքին լինենք»,- ասում է Դուրմուզյանը:
Լուսանկարիչն առաջնագծում՝ Հադրութում է ծառայել, ինչն էլ, նրա խոսքով, օգնել է հոգեբանորեն ինչ-որ չափով հասկանալ ապրիլյան պատերազմին մասնակից տղաների զգացումները: Եսայի Դուրմուզյանն ապրիլյան պատերազմի օրերին որոշել է որպես կամավոր մեկնել Արցախ, հերթագրվել է զինկոմիսարիատում, սակայն այդպես էլ չեն կանչել նրան: «Մտածում էի՝ եթե առաջնագծում եմ ծառայել, անպայման ինձ կկանչեն, բայց չէ, չկանչեցին: Պատասխանատվության զգացումը մեծանում է, երբ առաջնագծում ես ծառայում, հստակ գիտակցում ես, որ առաջին հերթին դու ես պատասխանատու անվտանգության համար՝ ընտանիքիդ, հայրենիքիդ, ժողովրդի: Ուզում էի անպայման իմ մասնակցությունն ունենալ ապրիլյան պատերազմին, ինձ համար դա շատ կարևոր էր»,- ասում է նա:
Ապրիլյան քառօրյան, Դուրմուզյանի խոսքով, շատ բան փոխեց՝ պատասխանատվության զգացումից մինչև զինվորի հանդեպ վերաբերմունքը: «Պատերազմն, ի վերջո, չէր կարող առանց որևէ հետևանքի անցնել: Պատերազմն իրականում կարող է շատ խոր հետք թողած լինել դրան մասնակից տղաների սրտում: Հետաքրքիրն այն է, որ կան տղաներ, ովքեր վիրավորվել են ու առողջական խնդիրներ ունեն ու, չնայած այդ ամենին, իրենց մեջ նպատակասլացությունը չի կորել, հիմա էլ ձգտում են, որ ինչ նպատակ ունեին, իրագործեն: Կարծում եմ՝ այն տղաներն էլ, որ զոհվեցին ապրիլյան պատերազմի ժամանակ, իրենց գործն ու թափած արյունն ավելի պատասխանատու պետք է մեզ դարձնեն»,- ասում է Դուրմուզյանը:
Ապրիլյան պատերազմի մասնակից Անդրանիկ Աթալյանը լուսանկարչի հերոսներից մեկն է: Նա ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել գլխի շրջանում, վիրավոր ժամանակ էլ օգնել է և տանկից հեռացրել իր երկու ընկերներին՝ փրկելով նրանց կյանքը: Լուսանկարիչն ասում է՝ ստացած վիրավորման հետևանքով զինծառայողի մեկ աչքն ընդհանրապես չի տեսնում, մյուսի մեջ էլ բեկորներ են գտել: «Վիրահատության կարիք կա, բայց այն, բժիշկների գնահատմամբ, ռիսկային է: Այսինքն՝ եթե վիրահատությունը հաջող ելք չունենա, հնարավոր է՝ մյուս աչքն էլ չտեսնի: Մյուս կողմից, կարծում եմ, բժշկությունն այնքան է զարգացել, որ հիմա ամեն ինչ հնարավոր է անել, ու ես հույս ունեմ, որ դրսում գոնե կարող են ինչ-որ բան անել, հանել բեկորները, որ տեսողությունը չվնասվի»,- նշում է Դուրմուզյանը:
Լուսանկարչի հերոսներից է նաև պայմանագրային զինծառայող Դավիթ Համբարձումովը: Զինծառայողը գլխի շրջանում վիրավորումը ստացել է Թալիշում: Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատել են՝ կատարելով գանգի տրեպանացիա՝ հեռացնելով գանգոսկրի փոքրիկ կտոր: Վիրահատությունից հետո Դավիթը 20 օր կոմայի մեջ է եղել, իսկ այժմ շարունակում է բուժում ստանալ, որպեսզի կարողանա քայլել:
Լուսանկարչի հերոսներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, իր խնդիրները, սակայն, ըստ Դուրմուզյանի, տղաներից ոչ ոք իր խնդիրների մասին խոսել չի ուզում: «Պատերազմի մասին խոսելը շատ բարդ է, դրա հետևանքների մասին՝ առավել ևս: Նրանց հետ ապրիլյան պատերազմի մասին շատ կարճ եմ զրուցել, չէի ուզում նրանց ապրումները թարմացնել: Հետաքրքիրն այն է, որ տղաներն ապրիլյան պատերազմի մասին այնպես չէ, որ չեն խոսում, բայց խնդիրների հետ կապված շատ բան չեն ասում»,- ասում է Դուրմուզյանը:
Ըստ նրա՝ խաղաղության բանաձևն առաջին հերթին յուրաքանչյուրիս մեջ է, ինքներս մեզ հետ լուծելու խնդիրներ ունենք: Իսկ, առհասարակ, լուսանկարչի բնութագրմամբ, խաղաղությունը երկիրն է, որտեղ ապրում ենք, տղաները, որ կանգնած են սահմանին, նրանք, որ զոհվեցին:
Դուրմուզյանը հերթով ցույց է տալիս տղաների լուսանկարներն ու ասում՝ եթե նրանց կողքին չենք կարող լինել, պետք է գոնե ճանաչենք նրանց՝ մերօրյա հերոսներին:
Ի դեպ, ցուցադրությունը կգործի նաև այսօր՝ մինչև ուշ երեկո: