կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-03 16:13
Քաղաքական

Ինչպե՞ս եք մայիսին մասնակցել ապրիլյան պատերազմին, այն էլ առաջնագծում. Արթուր Խաչատրյանը՝ Հակոբ Արշակյանին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Հակոբ Արշակյանին՝ վերջինիս ինքնակենսագրականում տեղ գտած տեղեկատվության կապակցությամբ:

«Ձեր ինքնակենսագրականում գրված է, որ դուք մասնակցել եք Ապրիլյան քառօրյային, եղել եք առաջնագծում, բայց, միևնույն ժամանակ, Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատն անցել է Վարդենիսում տեղակայված զորամասի հրամանատարի ենթակայության տակ, իսկ 2016 թ. մայիսի 14-ից ջոկատի 33 կամավորականներ գործուղվել են Պաշտպանության բանակ՝ Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայր: Խնդրում եմ հստակեցնել՝ ինչպես եք դուք մայիսին մասնակցել Ապրիլյան պատերազմին»,-հարցրեց Խաչատրյանը:

Հակոբ Արշակյանի պատասխանը և դրա առիթով Արթուր Խաչատրյանի արձագանքը՝ տեքստի ավարտին ներկայացվող տեսանյութում:  

                                                                                                                                                                       

***

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի և իշխանական վերնախավում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք կարկառուն ներկայացուցիչների կողմից՝ Ազգային ժողովի և այլ բարձր ամբիոններից, ինչպես նաև տարբեր այլ առիթներով բազմիցս հայտարարվել է, որ իրենք առանձին ջոկատով մասնակցել են Ապրիլյան քառօրյային և գտնվել առաջնագծում: Այդ մասին ՔՊ-ական որոշ գործիչներ անգամ փաստել են իրենց կենսագրականներում: Օրինակ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի՝ Կառավարության պաշտոնական կայքում զետեղված կենսագրական տեղեկությունների համաձայն՝  նա 2016 թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:  

Ելնելով բազմիցս շահարկվող այս իրողությունից՝ Yerkir.am-ը նախքան պատերազմը՝ 2020 թ. սեպտեմբերի 14-ին, գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով պարզաբանել, թե Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ե՞րբ (խնդրել էինք նշել օրերը) և առաջնագծի ո՞ր հատվածներում է մարտնչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը, քանի՞ հոգի են անդամակցել տվյալ ժամանակահատվածում նշված ջոկատին:   

Նոյմեբրի 25-ի թվագրմամբ ստացված պատասխան նամակում նշված է, որ 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատն անցել է Վարդենիսում տեղակայված զորամասի հրամանատարի ենթակայության տակ, իսկ 2016 թ. մայիսի 14-ից ջոկատի 33 կամավորականներ գործուղվել են Պաշտպանության բանակ՝ Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայրի շրջանում տեղակայված ստորաբաժանումը համալրելու և մարտական հերթապահություն (խնդիրներ) իրականացնելու համար:

Նախարարության պաշտոնական տեղեկությունը փաստում է այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը չի մասնակցել Ապրիլյան քառօրյային:

Իսկ թե ինչու՞ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի 33 անդամներն Արցախ մեկնել Ապրիլյան քառօրյայի ավարտից գրեթե մեկուկես ամիս անց (մայիսի 14-ից սկսած)՝ մնում է անհասկանալի: Չի նշված նաև, թե մարտական ի՞նչ խնդիրներ են կատարել ՔՊ ջոկատի 33-յակը:

Փաստենք նաև, որ Ճանկաթաղն առաջնագծից գտվում է մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա:

Ընդհանրացնելով՝ կարելի է նշել, որ ՔՊ-ականները ոչ միայն չեն մասնակցել Ապրիլյան քառօրյային, այլև երբեք առաջնագիծ դուրս չեն եկել: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի և իշխանական աթոռներին հայտնված թիմակիցների այն բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները (որոնք հատկապես հաճախակի դարձան 2018 թ. իշխանափոխությունից հետո) թե իբր ՔՊ ջոկատը մասնակցել է Ապրիլյան քառօրյային և եղել է առաջնագծում, այն հազարավոր ստերի շարքից են, որոնցով ստի մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանն  այսքան ժամանակ մոլորեցրել է հանրությանը: