կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-23 14:14
Քաղաքական

Առաջարկում ենք` մրցակցության պաշտպանության հանձնաժողովում մեկ թեկնածու ներկայացնի ընդդիմությունը, հիմնավորեք` ինչո՞ւ եք դեմ. Աղվան Վարդանյանը` Շաբոյանին

Առաջարկում ենք` մրցակցության պաշտպանության հանձնաժողովում մեկ թեկնածու ներկայացնի ընդդիմությունը, հիմնավորեք` ինչո՞ւ եք դեմ. Աղվան Վարդանյանը` Շաբոյանին

Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է ՏՄՊՊՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկցուցող` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ մի շարք առաջարկություններ ընդունվել են կառավարության կողմից, սակայն ինքը կանդրադառնա չընդունվածներին: Չընդունվածների թվում էր նաև ՀՅԴ-ի առաջարկությունը: Շաբոյանը նշեց, որ առաջարկությունը եղել է հանձնաժողովի անդամների նշանակման վերաբերյալ:

«ՀՅԴ-ն առաջարկում է, որպեսզի հանձնաժողովի անդամներից մեկի թեկնածությունը ներկայացվի ընդդիմադիր պատգամավորների կողմից: Մենք այս առաջարկը չենք ընդունել, որովհետև մրցակցության պաշտպանության մարմինը մասնագիտացված կառույց է, վարչական մարմին է: Գտնում ենք, որ ՏՄՊՊՀ հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական, և առաջարկում ենք պահպանել կառավարության առաջարկը` հանձնաժողովի բոլոր անդամների թեկնածությունները ԱԺ-ին ներկայացվեն հանրապետության վարչապետի կողմից»,- ասաց նա:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ արձագանքեց, որ իրենց առաջարկն ամենևին չի հակասում կառավարության առաջարկության տրամաբանությանը: «Այո, մասնագիտական, ապաքաղաքական հանձնաժողով է, խոսքն ընդամենը ընդդիմությանը մեկ թեկնածու առաջադրելու հնարավորություն տալն էր  ով կհապատասխանի այդ բոլոր չափանիշներին և կաշխատի, որպեսզի ընդդիմությունը կարողանա իր ասելիքն ունենալ առաջադրման փուլում, իսկ հետագայում կաշխատի այն հունով, ինչ մյուսներն են աշխատում»,- ասաց նա, ապա հավելեց, որ կցանկանար, որ հիմնավորվեին մերժման պատճառները:

Շաբոյանը կրկնեց, որ կարծում են, որ թեկնածուները պետք է քաղաքական կուսակցությունների կողմից չներկայացվեն:

«Մենք կարծում ենք` քաղաքական կուսակցությունների ներկայացման դեպքում  թեկնածուները կարող են որոշակի կախվածություն ունենալ ներկայացնողից և այդ առումով ինչ-որ տեղ քաղաքական շահեր պաշտպանել այդ պատճառով էլ պաշտպանում ենք մեր առաջարկը»,- նշեց նա:

«Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ իրեն ապշեցնում է Շաբոյանի պատասխանը: Նա օրինակ բերեց, որ ՍԴ նախագահ են ընտրում իշխանությունից, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ են ընտրում, դա նշանակում է, որ նրանք կաշկանդվա՞ծ են և պետք է իրենց քաղաքական ուժի պատվե՞րը կատարեն:

«Դա աշխարհով մեկ հայտնի սկզբունք է, որ քաղաքական ուժերը կարող են մարդ առաջադրել, հետագայում նրա գործունեությունը չպետք է կապ ունենա քաղաքական հայացքների հետ: Ձեր փաստարկը որևէ կերպ հիմնավոր չէ, նշանակում է` այդ մարդիկ անպայման պետք է պատվե՞ր կատարեն, եթե բոլոր չափանիշներին համապատասխանում են»,- ասաց Մարուքյանը:

Արտակ Շաբոյանը հակադարձեց, որ, սովորաբար, մրցակցության պաշտպանության մարմիններն անկախ են լինում, նաև` կառավարությունից: «Եթե որեւէ կուսակցություն առաջադրի, այդ կուսակցությունից կախվածության մեջ կգտնվի»,- եզրափակեց նա: