կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-08 14:03
Հասարակություն

Ջարդից փրկված մեր մայրերը դատարկ ձեռքերով ու գլխով չեն եկել այստեղ. Արման Բահադուրյան

Ջարդից փրկված մեր մայրերը դատարկ ձեռքերով ու գլխով չեն եկել այստեղ. Արման Բահադուրյան

Ֆրանսիայի երկրորդ ամենախոշոր քաղաքի՝ Լիոնի հրապարակներից մեկն այսօր կրում է հայ գործարար Ջեբրայիլ (Նշան) Բահադուրյանի անունը: Ցեղասպանությունից փրկված Բահադուրյանը շուրջ 50 տարի եղել է Լիոնի հայկական եկեղեցու վարչության նախագահը, զբաղվել տեղի հայ համայնքի խնդիրներով: Նրա գործունեությունն այսօր շարունակում է որդին՝ Արման Բահադուրյանը: Նրան է պատկանում Ֆրանսիայում հայտնի Bahadourian բրենդը:

76-ամյա հայ գործարարը մեծ հեղինակություն  է վայելում ոչ միայն Լիոնի հայ համայնքում, այլև ամբողջ Ֆրանսիայում: Նա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից արժանացել է «Պատվո լեգեոն» բարձրագույն շքանշանի:

Ցեղասպանությունից մազապուրծ Բահադուրյան ընտանիքի պատմության, օտարության մեջ հայ մնալու, Լիոնի հայկական գաղթօջախի և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ի լրագրողը Լիոնում զրուցել է Արման Բահադուրյանի հետ:

- Որտեղի՞ց են Ձեր նախնիները:

- Հայրս ծնվել է Թուրքիայում՝ Աքսարայում: Ցեղասպանության հետևանքով ընտանիքը բռնել է գաղթի ճամփան: Քայլելով` անապատով հասել են մինչ Դամասկոս, հետո՝ Բեյրութ: Ճանապարհին պապս հիվանդությունից մահացել է:

- Ինչո՞ւ են Ձեր հորը կոչել Ջեբրայիլ:

- Հորս անունը Նշան էր, ջարդից հետո Դամասկոսում խորհուրդ տվեցին փոխել անունը, և նա դարձավ Ջեբրայիլ (ֆրանսերեն` Գաբրիել): Դամասկոսից Բեյրութ տեղափոխվելուց հետո մեծ մայրս գիշերները հաց էր պատրաստում, իսկ հայրս, ով այն ժամանակ 10 տարեկան էր, հացը վաճառում էր  նավահանգստի զինվորներին: Այդ ժամանակ զինվորները մեծ մորս առաջարկում են հորս տանել ԱՄՆ  և այնտեղ դպրոց ուղարկել, բայց մեծ մայրս չէր կարող համաձայնել, քանի որ հայրս էր ընտանիքը պահում: Հետո հայրս տեղափոխվեց Լիոն, որտեղ սկսեց տարբեր մարդկանց մոտ աշխատել: Հայրս շատ ճարպիկ մարդ էր, անգամ սկսեց նավթ բերել Ռուսաստանից: Նրան ընդունում էին անգամ թուրքերը. Աքսարայում նրան հնարավորություն տվեցին էլեկտրականություն բերել գյուղեր, ինչի համար հայրս Ֆրանսիայից ինժեներների հրավիրեց: 23 տարեկանում նա արդեն կարողանում էր առանց թույլտվության գնալ Թուրքիա, փոստային առաքումներ իրականացնել:

-Դժվա՞ր է Ֆրանսիայում հայ մնալ:

-Թուրքիայում արգելված էր հայերեն խոսելը: Երբ հայրս եկավ  Ֆրանսիա, լեզու չգիտեր, մարդկանց ձեռքերով էր ինչ-որ բան հասկացնում,  այդպես` առանց լեզու իմանալու սկսեց գումար վաստակել: Հայրս Լիոնում ամեն կիրակի հայկական եկեղեցի էր այցելում, որտեղ հորս հայերեն սովորեցրեցին: Հայրս հայերեն սովորել է 28 տարեկանում: 1932-ին հայրս ամուսնացավ իր գործատուի աղջկա հետ: Ես ծնվել եմ 1942-ին, 3 եղբայր և 1 քույր ենք, բոլորս հիմա Ֆրանսայում ենք ապրում:

-Ի՞նչ դեր ունեն Բահադուրյանները հայկական համայնքում:

-Այն ժամանակ հայրս Լիոնում խանութ բացեց` 60 քմ տարածքով, ու սկսեց առևտրով զբաղվել, հիմա այդ խանութն արդեն 1000 քմ է: Նրան ընդունում էին թե' հայկական համայնքում, թե' Լիոնում: Հայրս տեղի հայկական եկեղեցու վարչական խորհրդի նախագահն էր:  Երկրորդ համաշխարհային  պատերազմի ժամանակ հայրս շատ հայ ընտանիքների է օգնել: Այն ժամանակ գերմանացիներն այստեղ ապրող հայերին, իտալացիներին ստիպողաբար տանում էին Գերմանիա՝ աշխատելու: Մի անգամ հորս լուր են տալիս, որ մի քանի տասնյակ հայ տղամարդկանց պատրաստվում են Գերմանիա տանել: Հայրս մոտ էր ֆրանսիացի զինվորականների հետ: Ֆրանսիացի գեներալներից մեկի իմացությամբ հայրս կազմակերպում և խափանում է տղամարդկանց տեղափոխումը: Առավոտյան գեներալը լուր է տալիս և հայտնում, որ հայ տղամարդիկ կբարձրանան գնացք և մյուս կողմից կիջնեն: 60 ընտանիք այդպես ազատվում է: Սա փոքր փակագծերն են հորս կյանքից, նրա հետ կապված շատ պատմություններ կան: Հայրս 50 տարի հոգ է տարել Լիոնի հայկական եկեղեցու և հայկական համայնքի մասին: Նրա օրոք հայ համայնքում երբևէ տարաձայնություններ չեն եղել:  Հորս մահից 10 տարի անց՝  2002-ին, Լիոնի հրապարակներից մեկն անվանակոչվեց Բահադուրյան անունով:

- Հայերի արդեն երրորդ սերունդն է ապրում Լիոնում, ինչո՞վ է տարբերվում այն ժամանակվա և ներկայիս հայ համայնքը:  

-Լիոնի  հայ համայնքը շատ համախմբված է: Առաջին սերունդը՝ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի սերունդն է, որն արագ ինտեգրվեց Լիոնի կյանքին և երբեք պետության հույսին չմնաց: Ֆրանսիան հասկացավ, որ հայ համայնքը դատարկ գրպաններով չի եկել: Մեր մայրիկները դատարկ ձեռքերով ու գլխով չեն եկել այստեղ. ոսկու կտորները կոճակների տեղ կարած բերել են Ֆրանսիա: Այդ մարդկանց մեջ կային դերձակներ, առևտրականներ, կոշկակարներ, որոնք մեծ ներդրում ունեցան Ֆրանսիայի զարգացման գործում: Դրա համար էլ այսօր Ֆրանսիան  ճանաչում է հայերի մատուցած ծառայությունները և գնահատում մեզ: Երկրորդ սերունդը կարողացավ կրթություն ստանալ: Մենք՝ երեք եղբայրներս, կրթություն ստանալու արդյունքում օգնեցինք մեր հորը` ծաղկեցնել ընտանեկան գործը: Կային շատ հասարակ մարդիկ, արհեստավորներ, որոնց երեխաները բարձրագույն կրթություն ստացան: Դրա վառ օրինակը Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն է,  ով ստացել է բժշկական կրթություն և այսօր դարձել Ֆրանսիայի երկրորդ խոշոր քաղաքի քաղաքապետը: Ֆրանսիայում ապրող հայերը հեշտությամբ են ինտեգրվել տեղի կյանքին: Նոր սերունդն էլ է դժվարություններով հասել Ֆրանսիա: Պետք չէ նրանց  մեղադրել, որովհետև նրանք դոլարներով չեն եկել այստեղ, նրանք էլ են զրոյից սկսել:  Միշտ նոր հայ ընտանիքներ են գալիս Լիոն` ինչպես Հայաստանից, այնպես էլ Սիրիայից ու Լիբանանից: Օգնում ենք, որ նրանց այստեղ աշխատանք գտնեն: Մեզ մոտ մի քանի տասնյակ հայեր են աշխատում:

-Ե՞րբ եք առաջին անգամ եղել Հայաստանում:

 -Առաջին անգամ Հայաստանում եմ եղել 1995-ին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությանը:  Երկրորդ անգամ Հայաստան այցելել եմ  Մարսելի քոաղաքապետի հետ, երբ մահացավ  Գարեգին Ա-ն:  Ես Հայաստանում բարեկամներ չունեմ, բայց իմ սիրտը հայ է: Վերջին անգամ Հայսստան եմ եկել 2017թ. սեպտեմբերին՝ Ֆրանսիայից ներդրողների հետ:

-Հայաստանում երբևէ ներդրումներ իրականացրե՞լ եք:

- Իմ ներդրումները գնումների տեսքով են: 1996-ից Ֆրանսիայում հայկական ապրանքներ ենք ներկայացնում: Ժամանակին ներդրումներ եմ արել Արենիի գինու գործարանում: Ֆրանսիացի գինեգործներն էլ են շատ օգնել, որ Հայաստանում զարգանա գինեգործությունը և հայկական արտադրանքը հասնի Ֆրանսիա:

-Հայկական ապրանքներից զատ, ֆրանսիացիներին եք ներկայացնում նաև հայկական ուտեստները: Ինչո՞ւ հայկական ռեստորանը կոչվեց «Inch’ka»:

-Մեր սուպերմարկետներում ներկայացված են հայկական մի շարք ապրանքատեսակներ, այդ թվում` գինի, մուրաբաներ, պահածոներ: Չկրկնվող անուն է, հատուկ ենք մտածել, որ հաճախորդները գան և հարցնեն` ի՞նչ է նշանակում «Inch’ ka», մենք էլ պատասխանենք հարցով՝ ինչ կա:

-Կա՞ փոքրիկ հնարք, որը Ձեզ համար հաջողություն է ապահովում:

-Իմ ժամանակի ¾ մասը ես անցկացնում եմ խանութներում, որպեսզի ինքս  խոսեմ հաճախորդների հետ: Ընդամենը պետք է լայն ժպիտով հաճախորդին ասել` բարև, և նրա սիրտն արդեն գրավված է:

Զրուցեց Թագուհի Մելքոնյանը