կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 15:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծնողներն այստեղ՝ ինքը վերևից նայում, ժպտո՞ւմ է․ սևազգեստ մայրերը կառավարության առջև են

Կառավարության դիմաց՝ անձրևի տակ բողոքի ակցիա իրականացնող սևազգեստ մայրերը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում, որ իրենց խնդիրները ներկայացնեն՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Եթե զինվորներին սպանողներին կանգնեցնեին՝ վերջին 13 զոհը չէր լինի։ Ցանկացած սպանություն բանակի մեղքն է»,-ասացին նրանք՝ իրենց մոտեցած՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին։

Նրանք պահանջեցին, որ վարչապետը խորհրդակցություն հրավիրի գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի նախագահի, պաշտպանության նախարարի մասնակցությամբ։

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը վրդովված են, որ իրենց ցավի հետ միայնակ են մնացել և ստիպված են իրենք անձամբ քննել գործերը։ Նրանք անգամ ինքնասպանությունների վարկածին չեն հավատում։

«Մեր երեխաներին սպանել են, սպանողները ազատ ման են գալիս։ Ինչքա՞ն պիտի այսպես անտարբերության մատնված լինենք, վերջապես, էդ երեխեքը հավի ճուտ չէին։ Բանակ ենք տալիս՝ սահմանը պահեն»,-ասացին նրանք։

Նրանք պնդեցին, որ իրենց որդիները թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես առողջ երեխաներ էին և պատճառ չունեին ինքնասպան լինելու։

Որդեկորույս մայրերի համար անընդունելի է, որ վարչապետն իրենց չի ընդունում․ «Էս ծնողներն այստեղ՝ ինքը վերևից նայում, ժպտո՞ւմ է»։

Վարչապետից բացի, ծնողները վիրավորված են նաև նրա օգնական Նաիրի Սարգսյանից․ «Նաիրի Սարգսյանն ո՞վ է, որ հեռախոս չի վերցնում, զանգում ես արհամարհում է։ Զոնտիկը բռնել է, հիմա էլ դառել է խորհրդական»։

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց՝ միշտ գոյություն ունի մեդալի հակառակ կողմը, որը միշտ չէ, որ ճշմարտության հետ աղերս ունի։ Համենայն դեպս, ասաց՝ ենթադրում եմ, որ վարչապետի հետ հանդիպում տեղի կունենա։

Մանրամասն՝ տեսանյութում․