Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ ժողովրդի անունից թուրք եղբայրների հետ բանակցող ՔՊ-ականներին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների մայրերը հարց են տալիս՝ իրենց որդինե՞րն էին խանգարում թուրքերի հետ «խաղաղության դարաշրջան» բացելու ծրագրին։
«Մի հարց ունեմ այս իշխանությանը՝ մեր տղանե՞րն էին խանգարում «խաղաղության դարաշրջանի» ստեղծմանը: 2020 թ. սեպտեմբերի 27-ին թուրքերի հետ չէի՞ն ուզում բարեկամություն անել, ինչո՞ւ մեր երեխաներին մատաղ արեցին, հետո նոր հասկացան, որ պիտի թուրքերի հետ եղբայրություն անեն: Ինչո՞ւ սեպտեմբերին չկանգնեցրին պատերազմը»,-Yerkir.am-ի հետ զրույցում իր զայրույթն է արտահայտում «Ոսկե արծիվ» շքանշանակիր, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը։
Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսի մայրը, անդրադառնալով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Մեւլութ Չավուշօղլուի հանդիպմանը, ասում է՝ որպես հայ մարդ, գետինն է մտնում ազգի այսօրվա նվաստացած եւ ստորացված վիճակի համար:
«Արարատ Միրզոյանը՝ որպես երկիր ներկայացնող պետական պաշտոնյա, լայնաբերան ժպիտով, մինչեւ ականջները բաց, գնացել է Թուրքիա: Աշխարհի մասշտաբով ո՞ր լուրջ դիվանագետին եք տեսել՝ այդ աստիճան հռհռոցով գնա դիվանագիտական հանդիպման: Սա նվաստացնող, ազգին դեպի ճահիճը տանող քայլեր են, ազգադավ գործունեություն: Ոչ մի դրական միտում ես չեմ տեսնում: Ես հարց ունեմ, թող պատասխան տան՝ մեր երեխանե՞րն էին խանգարում, որ միայն հիմա բացահայտում արեցին՝ ուզում են թուրքերի հետ բարեկամ դառնալ: Ինչո՞ւ զոհ տվեցին անմեղ, հրաշալի, լույս տղաներին՝ Ալենի գլխավորությամբ: Թող իմ հարցին պատասխան տան՝ ո՞վ է իրենց լիազորել թուրքի հետ բարեկամություն անելու, հանրաքվե արե՞լ են, ո՞ւմ կարծիքն են հիմք ընդունել, ստորագրահավաք արե՞լ են, ո՞վ է տվել իրենց այդ լիազորությունը՝ իմ անունից թուրքի հետ բանակցել»,- զայրացած ասում է Նազելի Տերտերյանը՝ շեշտելով, որ դատապարտում է այս իշխանությունների վարած քաղաքականությունը, դեմ է այն բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են թուրքերի հետ բարեկամանալուն։
Արցախյան պատերազմում զոհված մեկ այլ հերոսի՝ Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ընդգծում է՝ երբ Արարատ Միրզոյանը Թուրքիայում հայտարարում էր, թե հայ ժողովրդի անունից է ասում՝ հայերն ուզում են բարեկամանալ թուրքերի հետ, արտահայտում է միայն իր եւ իր կուսակիցների ցանկությունը։
«Իրենք իրենց անունից են խոսում, մեր ցանկություններն այլ են։ Զոհված զինվորի մայրը, որը կորցրել է իր ամենաթանկին իրենց պատճառով, ինչպե՞ս կարող է կիսել այս ցանկությունը։ Այն, ինչ հիմա կառավարությունն անում է՝ ի վերուստ պլանավորված է: Ըստ քայլերի հերթականության՝ գնում են: Էդ կապիկությունները, որ անում են՝ թուրքի հետ բարեկամանալ եւ այլն, չի կարող լինել: Թուրքի հետ ո՞նց կարելի է բարեկամություն անել: Թուրքը մարդասպան, արնախում ազգ է եւ այնքանով է մեզ համար աղետ, որ այսօր իրենց ընկերներն են մեր երկիրը կառավարում: Հենց այդ պատճառով այս օրն ընկանք, մեր էրեխեքի կյանքն էլ կրճատեցին»,-ասում է նա:
Տիկին Գայանեն շեշտում է՝ եթե դուրս գան, պայքարեն այս թուրքամետ իշխանությունների դեմ, կմասնակցի: «Եթե լինի մեկը, որ նախաձեռնի եւ այս ամենի գլուխ կանգնի, ես պատրաստ եմ մասնակցել եւ գիտեմ, որ շատ մայրեր պատրաստ են: Այս իշխանությունները մենակ մեր տղերքին չեն ծախել, մեր հողն ու ջուրը, Հայաստանը, Արցախը ամեն-ամեն ինչն են ծախել: Այս ամենն իրագործվում է՝ ըստ նախապես մշակված պլանի: Ոչ մի ապագա չեմ տեսնում, եթե այս մարդիկ շարունակեն կառավարել մեր երկիրը եւ այս ոճով աշխատել, բնականաբար, մենք կկորցնենք ամեն ինչ»,- հավելում է նա:
Լիանա Սարգսյան