կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-23 12:46
Մշակույթ

65 մլն դրամի խախտում. հուշարձանների վերականգնման հետ կապված գործը՝ դատախազությունում

65 մլն դրամի խախտում. հուշարձանների վերականգնման հետ կապված գործը՝ դատախազությունում

2014-2016թթ. հուշարձանների պահպանման հարցով ստուգումների արդյունքում 6 շինարարական կազմակերպությունների մոտ խախտումներ են հայտնաբերվել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա նշեց նաև, որ խախտումների կապակցությամբ դիմել են դատախազություն. իրավապահ մարմինները զբաղվում են այդ գործով:

«Շուրջ 65 մլն դրամի մասին է խոսքը, և կարծում եմ՝ պատասխան կտան այդ ընկերությունները: Բացի այդ` այդ կազմակերպությւոնները կհայտնվեն մեր՝ ոչ ցանկալի կազմակերպությունների ցուցակում, և այլևս նրանց հետ չենք համագործակցի»,- ասաց նախարարը:

Բացի այդ՝ նախորդ տարի բացթողում են ունեցել՝ 7 հուշարձանների վերանորոգումն ավարտին չհասցնելու տեսքով: Հիշեցնենք, որ 2017-ին Արմեն Ամիրյանը՝ լրագրողների հետ այցելել էր և տեղում ծանոթացել  պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներին:

Այն, որ վերականգնման աշխատանքները ժամկետի մեջ չեն կատարվել, մեղավորը, ըստ Ամիրյանի, հիմնականում շինարարներն են: «Սակայն նաև ընթացակարգերի պատճառով էր,  քանի որ հայտարարված մրցույթի մասնակից կազմակերպություններից մեկի բողոքի պատճառով շինարարության մեկնարկի ժամկետը ձգձգվեց մինչև սեպտեմբեր, իսկ շինարարները 6 ամսվա ընթացքում չէին կարող իրականացնել այդ ամբողջ ծավալը»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ շինարարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև հունիսի 1-ը պետք է ավարտեն նախորդ տարվա շինարարության ծավալները, քանի որ հունիսի 1-ից կմեկնարկեն 2018-ի աշխատանքները: Կլինեն հուշարձաններ, որոնց շինարարական աշխատանքները կշարունակվեն, օրինակ` Գոշավանքի պարագայում, այն ընդգրկված է թե' 2017-ին, թե' 2018-ին վերանորոգվող հուշարձանների ցուցակում:

Ամիրյանը նշեց նաև, որ 2017-ին պետբյուջեից 250 մլն դրամ է տրամադրվել, որից 199 մլնը հուշարձանների վերականգնման, 11 մլնը նախագծման և ուսումնասիրության համար, իսկ 17 մլն դրամ հետ է վերադարձվել պետբյուջե: