կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-17 11:08
Իրավական

21.000 դոլարով խոստացել է 2 զինծառայողի բանակից ազատել. նախկին դատախազը կալանավորվել է

21.000 դոլարով խոստացել է 2 զինծառայողի բանակից ազատել. նախկին դատախազը կալանավորվել է

ՀՀ գլխավոր դատախազությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել զինվորական ծառայությունից ազատելու համար առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, կաշառք տալուն դրդելու, ինչպես նաև մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի խարդախության վերաբերյալ քրեական գործը: Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից:

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում է 4 անձ, որոնցից երկուսը նորակոչիկների ծնողներ են:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արմեն Համբարձումյանը նախկինում աշխատելով ՀՀ զինվորական դատախազությունում և ունենալով զորակոչի կազմակերպման բնագավառի մասնագիտական գիտելիքներ, 2015թվականի մարտ ամսին իրեն դիմած ծանոթից` Սերգեյ Հակոբյանից տեղեկացել է վերջինիս ցանկության մասին` զորակոչային տարիքի հասած որդուն` Հովհաննես Հակոբյանին, առողջական խնդիրների առկայության հիմքով, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը կարգավորելու մասին:

Նա պահանջել և ուսումնասիրել է զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ Սերգեյ Հակոբյանին դրդել է առանձնապես խոշոր չափերով` 2.826.780 ՀՀ դրամին համարժեք 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց` նրանց լիազորությունների շրջանակներում իր որդու օգտին գործողություններ կատարելու համար:

Համբարձումյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սերգեյ Հակոբյանին էլ մեղադրանք է առաջադրվել համապատասխան պաշտոնատար անձանց 6.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք տալու մեջ:

Մեկ այլ նորակոչիկի մայրն էլ՝ Նվարդ Գևորգյանը, իր որդու` Արտյոմ Քոլյանի առողջական խնդիրների առկայության հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հարցը որևէ եղանակով կարգավորելու նպատակով դիմել է իր հարևան Մուշեղ Սարգսյանին, որից 2017թ. փետրվար ամսին տեղեկացել է, որ վերջինիս ազգականն առաջարկել է 2017թ. գարնանային զորակոչի ընթացքում 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու հարցը կարգավորել համապատասխան պաշտոնատար անձանց 15.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք տալու եղանակով:

Մուշեղ Սարգսյանն էլ Արտյոմ Քոլյանին պարտադիր ժակետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հարցը միջնորդել է իր ազգական` ՀՀ զինվորական դատախազության նախկին դատախազ Արմեն Համբարձումյանին, ով որոշ ժամանակ անց հայտնել է, որ կարող է դա իրագործել համապատասխան պաշտոնատար անձանց 15000 ԱՄՆ դոլար կաշառք տալու եղանակով:

Հիշյալ երեք անձնանց նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: