կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-28 11:12
Սպորտ

Արթուր Գևորգյանը բարձր է գնահատում ԱԻԲԱ-ի արտահերթ համաժողովը

Արթուր Գևորգյանը բարձր է գնահատում ԱԻԲԱ-ի արտահերթ համաժողովը

Դուբայում տեղի է ունեցել ԱԻԲԱ-ի արտահերթ համաժողովը, որին Հայաստանից մասնակցում էին ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանն ու ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: ԱԻԲԱ-ն խոստացավ, որ կվերանայի բողոքարկման մասին որոշումը։ Ինչպես գիտեք նախորդ ղեկավարների օրոք բռնցքամարտում հանվել էր բողոքարկման իրավունքը,որը մեծ դժգոհությունների առիթ էր դարձել։ ԱԻԲԱ-ի իրավաբանները ներկայացրեցին նոր, փոփոխված կանոնադրությունը։ Նոր կանոնադրությամբ բավականին խստացվել են կարգապահական հարցերը, թարմացվել են գործող օրենքները և հաստատման են ներկայացվել մի շարք որոշումներ։ Բավականին թուլացվել են ԱԻԲԱ-ի նախագահի միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորությունները։

Այսուհետ կարևոր որոշումները կկայացվեն միմիայն խորհրդի անդամների մասնակցությամբ։ Ավելացվեց նաև խորհրդի անդամների քանակը. 24-ից դարձավ 28։ ԱԻԲԱ-Ն հայտարարեց, որ պատրաստ է ընդունելու իր սխալները։ Մեղադրանքները հիմնականում ֆինանսական բնույթ էին կրում և առնչվում էին նախկին նախագահ Չինգ Կոու Վուի հետ։ Նման մի շարք հակաօրինական արարքների համար ԱԻԲԱ-ից հեռացվել են բազմաթիվ պաշտոնատար անձիք, ովքեր մութ ու կասկածելի գործարքներ են կատարել նախագահ Չինգ Կոու Վուի պահանջով։ Քննարկվեց ԱԻԲԱ-ի նախկին նախագահին պատվավոր նախագահի կոչում տալու հարցը։ Բոլոր ֆեդերացիաները դեմ արտահայտվեցին։ Համաժողովի ժամանակ ինքնակամ հրաժարական ներկայացրեց ԱԻԲԱ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրանկո Ֆալչինելին։ ԱԻԲԱ-ն շնորհակալություն հայտնեց Ֆրանկո Ֆալչինելիին երկար տարիների կատարած աշխատանքի համար, մասնավորապես նախկին նախագահի ֆինանսական խախտումները բացահայտելու համար։ Որոշվեց, որ ԱԻԲԱ-ն կղեկավարի այն փոխնախագահը, ով ամենաերկարն է զբաղեցնում այդ պաշտոնը։ Գաֆուր Ռախիմովը 15 տարի զբաղեցնում է ԱԻԲԱ փոխնախագահի պաշտոնը և հենց նրան էլ առաջարկվեց մինչ ԱԻԲԱ համաժողովը ժամանակավոր կատարել նախագահի պարտականությունները։ Հերթական համաժողովը կկայանա Մոսկվայում 2018 թ. նոյեմբերի 2-3-ը։ Գաֆուր Ռախիմովը պատվով ընդունեց առաջարկը և խոստացավ առավելագույնն անել բռնցքամարտի զարգացման համար։

Այնուհետև ելույթ ունեցավ ռուսական կողմը և ներկայացրեց նոյեմբերին կայանալիք համաժողովի պայմանները։Ելույթ ունեցավ ՄՕԿ-ի ներկայացուցիչը,ով ներկայացրեց 2020 թ. Օլիմպիական խաղերի անցկացման կազմակերպչական հայեցակարգը բռնցքամարտի հետ կապված։ ՄՕԿ-ի որոշմամբ տղամարդկանց 10 քաշային կարգերը պետք է կրճատվեն և հասցվեն 8-ի,իսկ կանանց 3 քաշային կարգերը պետք է հասցվեն 5-ի։ Այս որոշմամբ նրանք ցանկանում են լուծել գենդերային հավասարության հարցը։ ՄՕԿ-ի ներկայացուցիչը ներկայացրեց նաև բռնցքամարտի դերը Օլիմպիական խաղերում։ Նա ասաց, որ բռնցքամարտը հանդիսանում է Օլիմպիական խաղերի ամենադիտված մարզաձևը,և որ այն դեռևս 114 տարի առաջ է դարձել օլիմպիական մարզաձև։ Ֆալչինելին իր անհամաձայնությունը հայտնեց ՄՕԿ-ին և ասաց, որ ի տարբերություն մյուս մարզաձևերի, բռնցքամարտում չի կարելի նման կերպ լուծել գենդերային հարցը, քանի որ բռնցքամարը ծանր մարզաձև է։ ԱԻԲԱ-ն առաջարկեց 2020 թ. Օլիմպիական խաղերին տղամարադկանց համար թողնել 10 քաշային կարգերը,իսկ կանանցը դարձնել 5։ Քվոտաների հետ կապված առաջարկվեց տղամարդկանցը 250-ից դարձնել 226, իսկ կանանցը 36-ից դարձնել 60։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով համաժողովին, նշել է, որ   բարձր է գնահատում ԱԻԲԱ արտահերթ համաժողովը,որտեղ բարձրացված հարցերն ու փոփոխությունները շատ կառուցողական դեր ունեցան և ապագայում էլ ավելի օգտակար կլինեն սիրողական բռնցքամարտի զարգացմանը։