Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանն այսօր դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակել:
Պետրոսյանի խոսքով՝ իր պաշտպանյալն արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Նա միջնորդեց փորձագետներից ճշտել՝ արդյո՞ք Ռուզաննա Մկրտչյանը տառապում է որևէ հոգեկան հիվանդությամբ, ներկայումս ի՞նչ հոգեվիճակում է գտնվում, արդյո՞ք արարքը կատարելու պահին չի գտնվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, արդյո՞ք ունակ է իր հոգեվիճակով ընկալել այն հանգամանքները, որոնք էական նշանակություն կարող են ունենալ գործի համար և այլն:
Նշենք, որ նախաքննության ընթացքում Ռուզաննա Մկրտչյանի նկատմամբ արդեն իսկ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում: Իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա ճանաչվել է մեղսունակ:
Այս գործով մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը դատարանից ժամանակ խնդրեց միջնորդությանը ծանոթանալու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Ռուզաննա Մկրտչյանը հրաժարվեց, որ գործը քննվի արագացված դատական կարգով: Նա հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Մինչ այդ Մկրտչյանը հայտնել էր նաև, որ ինքը երրորդ կարգի հաշմանդամ է, ոտքերի վիրահատության է ենթարկվել, ունի երիկամների խնդիր, խոց, երակները լայնացած են և այլն:
Նա նաև հայտարարեց, որ բացի Նորիկ Մանուկյանից երկու երեխա էլ է ունեցել, որոնք մահացել են:
«Երկուսը մահացել են, մեկը ողջ է, 23 տարեկան է: Մեկը մահացել է 11 ամսականում, մյուսը ծնվելուց մի քանի օր առաջ»,-ասաց նա: Դատավորի ճշտող հարցին, թե երբ է մահացել նրա երրորդ երեխան, ամբաստանյալը պատասխանեց,- «Հղիության 8 ամսականում»: Ամբաստանյալը հավանաբար նկատի ուներ պտղի ներարգանդային մահը:
Այսպիսով դատարանը ժամանակ տվեց դատախազին ամբաստանյալի պաշտպանի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Նորիկի Սիմոնյանին: Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Թագուհի Մելքոնյան