Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց` կցանկանար, որ իր հարցին պատասխանի վարչապետը: Նա հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ են հանդիպում ունեցել, և մի քանի հարց ուղղեց վարչապետին: Նախ` Իրանի և Հայաստանի միջև երկաթգծի կառուցման քննարկումներ ունե՞նք, թե՞ ոչ, և եթե` այո, ե՞րբ կսկսի շինարարությունը:
Էնֆիաջյանի հաջորդ հարցը վերաբերում էր Մեղրի ՀԷԿ-ին: «Կառուցապատման աշխատանքներին կուզեի անդրադառնայիք, ինչպես նաև նոր գազատար ունենալուն: Ո՞ր սակագնով հնարավոր կլինի ձեռք բերել Իրանից»,- հարցրեց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ պետք է ֆիքսել մի փաստ, որ տասը ամսվա ընթացքում Իրանի հետ ապրանքաշրջանառությունը, առանց էներգետիկայի, կազմում է 62.5 միլիոն դոլար, ինչը չնչին թիվ է` հաշվի առնելով իրանական շուկան:
«Բացի այդ `տարին կամփոփենք, տարբեր շուկաների աճի տեմպերը ցույց կտանք: Իրանական շուկայում ունեինք արտահանման և ներմուծման, տասը ամսվա տվյալներով, ամենաչնչին աճ` 9-10 տոկոս: Իրանի մեր գործընկերների հետ խոսել ենք, որ այստեղ շատ անելիք ունենք, այստեղ թռիչքային աճ ապահովելու պոտենցիալ ունենք, ազատ տնտեսական գոտին դրա հնարավորություն տալիս է»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով պատգամավորի հարցերին` Կարապետյանը նշեց, որ երկաթգծի կառուցումը կախված է ապրանքային հոսքերից: «Ես կարծում եմ, որ երկաթգիծ կառուցելը ինքնանպատակ չէ, մանավանդ` եթե այդ տրանսպորտային ուղու տեղափոխումը, ծավալներից ելնելով, կարող է այնպիսին լինել, որ լրացուցիչ ծավալ չգա, և այդ բիզնեսը ծախսափակ չլինի: Մենք դրան կանդրադառնանք այն ժամանակ, երբ կակտիվացնենք այդ շուկան և, որպես տրանզիտային երկիր, շարժվենք առաջ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մեղրի ՀԷԿ-ին, ապա վարչապետը նշեց, որ մասնավոր ներդրողի կողմից կա հետաքրքրություն, այդ դեպքում իրանական կողմն էլ կհետաքրքրվի: Գազամուղի հետ կապված էլ վարչապետը նշեց, որ Հայաստանի նման երկրներում գազամուղը կառուցում է մատակարարող երկիրը:
«Մենք ժամանակին շատ մեծ քայլ ենք կատարել` 120 մմ գազամուղ կառուցելով: Այսօր ստանում ենք 350-400 մլն խորանարդ գազ: Եթե մենք երկու անգամ ավելի տրամագծով գազամուղ կառուցեինք, դա կլիներ չորս անգամ ավելի թանկ: Այդ պարագայում կհնչեր արդարացի քննադատություն` ինչի՞ եք դա կառուցել, եթե չեք օգտագործելու: Այդ իսկ պատճառով, երբևիցե կլինի տրանզիտային գազամուղ, թե` չէ, ժամանակը ցույց կտա, և հիմնական դերակատարումը լինելու է մատակարարող երկիրը»,- հայտարարեց նա:
Էնֆիաջյանը նշեց, որ իրենց հետ հանդիպումներում իրանական կողմն ասում է, թե հայկական կողմն է խոչընդոտում ծրագրերի իրականացմանը:
Վարչապետը պատասխանեց, որ, որպեսզի ինքն էլ հակառակ կարծիք չասի Իրանի գործընկերների մասին, լավ կլինի, որ ներկայացվեն այն ծրագրերը, թե որտեղ է հայկական կողմը խոչընդոտել, և այդ դեպքում կտրվի լրացուցիչ պատասխան: