կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-01-09 13:37
Հասարակություն

Այս տարի շուրջ 40 ապրանք կթանկանա

Այս տարի շուրջ 40 ապրանք կթանկանա

Այս տարի մեր՝ ԵԱՏՄ մտնելու հետևանքով շուրջ 40 ապրանք կթանկանա. այսօր լրագրողներին հայտնեց Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Ըստ նրա` թանկացող ապրանքների թվին կդասվի թռչնամիսը, վառելիքը: Չիլինգարյանի խոսքով՝ մի շարք ապրանքատեսակների գները կբարձրանան, քանի որ կբարձրանա մաքսազերծման տոկոսը:

«Խնդիրն այն է, որ փորձում են ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների գները համապատասխանեցնել, սակայն հաշվի չեն առնում կարևոր մի հանգամանք՝ մենք այնքան աշխատավարձ չենք ստանում, որքան, օրինակ, Բելառուսում կամ Ղազախստանում: Մեզ մոտ ո'չ աշխատավարձ են բարձրացրել, ո'չ թոշակ, և այս ֆոնին թանկացումներից շատ է տուժում սպառողը: ԵԱՏՄ անդամ այլ երկրներում մարդկանց կենսամակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանում»,- ասաց Չիլինգարյանը:

Ըստ նրա՝ եթե, պաշտոնական տվյալներով, տարեվերջին Հայաստանում աղքատները 30 տոկոս էին կազմում, ապա դեռ 2017-ի սեպտեմբերից սկսված թանկացումներից հետո արդեն 40 տոկոսի կհասնի այդ թիվը: «Թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները՝ կաթնամթերքը, մսամթերքը, վառելիքը: Գնաճն առաջին հերթին հենց աղքատներին է հարվածում»,- ասաց Չիլինգարյանը:

Հարցին, թե պատգամավորներից մեկն ասել էր, որ գնաճն աղքատների վրա չի ազդում, նա պատասխանեց: «Չկա նման բան: Ցանկացած գնաճ բացասաբար է ազդում սպառողի վրա»: